ԵԽ նախագահ Միշելը Գրանադայում հայտարարել է՝ լրագրողների հետ զրույցում, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, որը «հստակ ասել է, որ Հայաստանի հանդեպ չունի տարածքային հավակնություն ու նկրտում»: Երբ պատվարժան Շարլ Միշելը լսել է այդ խոսքերն Ալիևից, հետաքրքիր է, նրան հարցրե՞լ է, թե այդժամ ինչու է Ադրբեջանն իր զորքերն առ այսօր պահում Հայաստանի ինքնիշխան տարածքում, ինչպես բազմիցս հայտարարել է պաշտոնական Երևանը: Միշելն Ալիևին հարցրե՞լ է, թե Ադրբեջանը երբ է պատրաստվում դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածքից: Թե՞ ԵԽ նախագահ Միշելը ամենևին այն կարծիքին չէ, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ ինքնիշխան տարածքը: Եթե դա այդպես չէ, ապա պետք է նկատել, որ դա Երևանի հետ հայացքների բավականին լուրջ տարբերություն է, այսպես ասած՝ կոնցեպտուալ տարբերություն, ինչպիսին օրինակ կա Հայաստանի և ՀԱՊԿ միջև:
Այդ տարբերությունից են բխում նաև քաղաքական շղթայական այլ տարբերություններ, որ կան օրինակ Հայաստանի և ՌԴ-ի, Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև: Տարբերություններ, որոնք բերում են ընդհուպ անվտանգային կենսական խզվածքների: Հետևաբար հարցն այստեղ շատ կարևոր է, թե՞ արդյոք կա ընկալումների տարբերություն Երևանի ու Բրյուսելի միջև, կապված Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի ներկայության հետ: Եթե ոչ, ապա կասկածից վեր է, որ իբրև Հայաստանի տարածքի հանդեպ ադրբեջանական նկրտումների և հավակնությունների իրապես բացակայություն, իբրև այդ հավաստիացումների անկեղծություն, Ադրբեջանը հստակ պատասխանի հարցին, որն իհարկե մինչ այդ պետք է դրվի նրա առաջ՝ ե՞րբ է պատրաստվում թողնել Հայաստանի ինքնիշխան տարածքն ու վերադառնալ ելման դիրք:
Իսկ, եթե Եվրամիությունը համաձայն չէ պաշտոնական Երևանի գնահատականին ու համարում է, որ Ադրբեջանի զբաղեցրած տարածքների հարցում Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին գնահատականը ամենևին միարժեք չէ, ապա իր հերթին պետք է դրա մասին ասի նույնքան հստակ, որքան «հստակ»՝ ըստ Միշելի, Հայաստանի տարածքի հանդեպ որևէ հավակնություն ու նկրտում չունենալու մասին հայտարարել է ներկայումս իր զինուժով այդ տարածքում գտնվող Ադրբեջանի նախագահը: Հակառակ պարագայում աներկբա է, որ Ալիևը կեղծում է՝ Միշելի ականջին, իսկ բազմափորձ և հմուտ քաղաքական գործիչ Միշելն այդ կեղծիքը «թաքցնում» է Հայաստանի հանրության ճակատին: Ադրբեջանի հետ զանազան խաղերի և գործարքի մեջ գտնվող մի Ռուսաստանն անգամ Հայաստանի համար շատ ծաննր բեռ է, որպեսզի թույլ տրվի այդպիսի մի բեռի էլ վերածվել Եվրամիությանը:









































