Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան փոխել է իր տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տեղակայման վայրը։ Նախկինում խոսք էր գնում, թե այն տեղակայվելու է Դիարբեքիրում, մինչդեռ ներկայումս հաղորդվում է, որ ՌՏԿ-ն տեղակայվելու է Մալաթիա քաղաքի մոտ։
Թուրքական թերթը նշում է, որ ՌՏԿ-ի տեղակայման վայրի փոփոխությունը նախաձեռնել է թուրքական կողմը, քանի որ Մալաթիայում ՌՏԿ-ի տեղակայման դեպքում նրա տեսադաշտում է հայտնվում Միջերկրական ծովի ողջ ջրատարածությունը։
Ավելի վաղ թուրքական կողմը ՌՏԿ-ի տեղակայման համար դիտարկում էր 4 տարբերակ՝ Մալաթիա, Ադանա, Դիարբեքիր և Իսքենդերուն։ Սակայն Թուրքիայի արևելյան հատվածի և Միջերկրական ծովի արևելյան հատվածի վերաբերյալ արբանյակային տվյալների ու լուսանկարների ստացումից հետո որոշվեց ՌՏԿ-ն տեղակայել Մալաթիայում։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ ՌՏԿ-ի ղեկավարման կենտրոնում զինծառայություն է կրելու թուրք գեներալի գլխավորած թուրքական անձնակազմը, և որ ՌՏԿ-ից ստացված բոլոր տվյալները հաղորդվելու են նաև Թուրքիային։ Շուտով սարքավորումների գնման տենդեր է հայտարարվելու՝ սպասարկու անձնակազմի աշխատատեղերի հագեցման համար։
Հիշեցնենք, որ 4 օր առաջ թուրքական Sabah թերթը գրեց, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելն իր զորահրամանատարների հետ այցելել է երկրի արևելյան շրջաններ ՆԱՏՕ-ի ՌՏԿ-ի տեղակայման համապատասխան վայր ընտրելու համար։
Օզելն այդ նպատակով հետազոտել էր Դիարբեքիրի նահանգում գտնվող Փիրինչլիք ռազմաբազայի տարածքը, որը մինչև 1988 թվականի հոկտեմբերն օգտագործվել է ԱՄՆ կողմից Սիրիայի, Իրանի ու Իրաքի սահմանային շրջանները վերահսկելու համար։








































