Ընդդիմությունը հետաձգում է սեպտեմբերի 26-ին նախատեսված հանրահավաքը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիների հումանիտար խնդիրների հարցում իրենց աջակցությունը ցուցաբերելու նպատակով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ազգային կոմիտե» շարժումը։
«Սիրելի հայրենակիցներ,
շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։
Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք:
Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։
Նկատի առնելով նշվածը՝ այսօր ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանրահավաքի օրվա և ժամի մասին ընդդիմությունը լրացուցիչ կտեղեկացնի։








































