Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թեհրանում կայացած իսլամական համաժողովի բացման արարողությանը հայտարարել է. «Այսօր աշխարհում մոտ 3 միլիարդ ընչազուրկ է ապրում, որոնք ամեն օր ավելի են հեռանում կապիտալիստական համակարգից, բայց անկախ տնտեսական իրավիճակից, կապիտալիստները դեռ շարունակում են կողոպտել մարդկությանը»։
Ապա անդրադառնալով սեպտեմբերի 11-ի իրադարձությանը՝ Իրանի նախագահը կրկին այն կանխորոշված ու ծրագրված իրադարձություն որակեց: Ըստ Ահմադինեժադի՝ «Սեպտեմբերի 11-ի դեպքերն իրականում մարդկանց զգացմունքները շարժելու նպատակով նախագծված ու ծրագրված շոու է եղել»։
Ահմադինեժադի հայտարարությանը հակառակ՝ ԱՄՆ կառավարությունն իր կայքում սեպտեմբերի 11-ի տարելիցի առիթով շնորհակալություն էր հայտնել Իրանի ժողովրդի ցուցաբերած բարեխղճության համար: ԱՄՆ կառավարության կայքում նշված է. «Այդ դժվարին օրերին երբեք Իրանի ժողովրդի բարեխղճությունը չենք մոռանալու և այդ առիթով շնորհակալություն ենք հայտնում»։
Հարկ է նշել, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ին Իրանի օրվա նախագահ Խաթամին առաջին նախագահներից էր, որ իր աջակցությունն առաջարկեց ԱՄՆ կառավարությանը, իսկ Թեհրանում իրանցիները հիշյալ ահաբեկչական դեպքերի զոհերի հիշատակին մոմավառություն էին կազմակերպել:











































