Սեպտեմբերի 20-ին Հայաստան է այցելելու Շանհայի գործակցության կազմակերպության պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՇԳԿ-ի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության կոմիտեի գլխավոր քարտուղար Չժեն Վեյը, փոխնախագահ Կույ Լին և կազմակերպության այլ աշխատակիցներ։ Հայաստանը 2016 թվականից ունի կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: Սակայն, Երևանը այդ շրջանում նաև բարձրաձայնել է ՇԳԿ դիտորդի կարգավիճակ ստանալու ցանկության մասին, թեև այդ առումով զարգացում, գոնե տեսանելի, դեռևս չկա:
Միաժամանակ, Հայաստանի համար թերևս «ոչ հեռու» հանգամանք է այն, որ ՇԳԿ անդամություն ստացավ հարևան Իրանը՝ 2023 թվականի հուլիսին: Այդ հանգամանքը անկասկած իր ազդեցությունն է թողնում Կովկասի հանդեպ ՇԳԿ հետաքրքրության աստիճանի վրա, հաշվի առնելով և այն, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով գործնականում փակված հյուսիսային ենթակառուցվածքային ուղղության պայմաններում առավել բարձրանում է հարավային ուղղությունների արժեքն ու նշանակությունը, այդ թվում առավել ևս այսպես կոչված Միջին միջանցքի, որը ներառում է նաև Կովկասը:
ՇԳԿ-ն, որտեղ գործնականում առանցքային դերակատարը Չինաստանն է, ըստ էության որոշակի հարաբերականությամբ, բայց կարող է դիտարկվել Չինաստանի աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական հետաքրքրությունների առաջմղման առանցքային հարթակներից մեկը: Միևնույն ժամանակ, այդ հարթակը ներկայումս հարկ է դիտարկել այն աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի համատեքստում, որ առկա է ըստ էության համաշխարհային պատերազմի պայմաններում: Այդտեղ նշանակալի գծերից մեկը Իրանի հետ Չինաստանի հարաբերությունն է, որն անկասկած պարունակում է նաև հենց լոգիստիկ համաշխարհային քարտեզի վերաձևավորման խնդիրների հաշվառում, այդ թվում Կովկասում:
Այդ առումով, ՇԳԿ պատվիրակության հայաստանյան այցի՝ եթե ոչ բաց օրակարգում, ապա նուրբ տողատակում լինելու է թերևս ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգը, արտացոլելով թերևս այդ օրակարգի հարցում Չինաստանի հետաքրքրությունները: Չինաստանն ուղիղ առնչություն չունի հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող ձևաչափային գործընթացներին, բայց անկասկած ունի դրանց բովանդակության ու նաև հարակից օրակարգային շրջանակին վերաբերող կենսական հետաքրքրություններ: Եվ հարցը դարձյալ դրանց դետալներն են:








































