Բենղազիում Լիբիայի Ազգային անցումային խորհրդին դատի տալու կարգախոսներով ցույց է կազմակերպվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, հարյուրավոր լիբիացիներ ցույցի ժամանակ պահանջել են վերակազմավորել անցումային խորհուրդը, որի մի քանի անդամներին ցուցարարները մեղադրել են խառը իրավիճակից օգտվելու մեջ: «Գործադիր կոմիտեի որոշ անդամներ պարզապես գողեր են»` հայտարարել է ցուցարարներից մեկը:
Բացի այդ, Լիբիայում նոր ձևավորված քաղաքական 56 խմբավորումներ հուշագիր են ստորագրել և այն հանձնել անցումային խորհրդին` ներկայացնելով երկրում իշխանության վերակազմավորման մասին իրենց տեսակետները: Փաստաթղթում քննադատվում է Ազգային անցումային խորհրդի գործունեությունը և նշվում, որ նոր իշխանությունների կողմից պատրաստված վերակառուցման ծրագիրը պարունակում է բազմաթիվ կոպիտ խախտումներ: Հուշագրում ասվում է նաև. «Անցումային խորհրդի կողմից պատրաստված Սահմանադրությունը չի արտահայտում մարդկանց ազատատենչության պահանջը»:
Անցումային խորհրդի ներկայացուցիչները հայտնել են, որ հուշագրում ներկայացված պահանջները կքննարկվեն միայն Քադաֆիի իշխանության վերջնական տապալումից հետո:









































