Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է՝ Մեծ Քսանի Վեհաժողովից վերադարձին, որ սեպտեմբերի 11-ին բանակցելու է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ: Սեպտեմբերի 10-ին Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Ալիևի հետ: Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին մի շարք հեռախոսազրույցներ էր ունեցել, մասնավորապես Ֆրանսիայի, Իրանի նախագահների, Գերմանիայի կանցլերի, Վրաստանի վարչապետի, նաև ԱՄՆ պետքարտուղարի հետ: Բացառությամբ Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի, մյուս բոլոր հեռախոսազրույցների մասին Հայյաստանի վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանի կառավարության ղեկավարը ռեգիոնում իրադրությունը լիցքաթափելու, սահմանի պայթյունավտանգ իրադրության բռնկում թույլ չտալու համար պատրաստ է «հրատապ քննարկում» ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Թերևս առանձին անդրադարձի է արժանի այն, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ չկա այդ մասին արձանագրում:
Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների շարունակությունը փաստորեն կարող է լինել հեռախոսազրույցը Էրդդողանի հետ, և բացառված չէ, որ հենց այդ զրույցի տրամաբանությունից ու բովանդակությունից է կախված լինելու, թե ինչպես կզարգանա հետագա իրավիճակը և կլինի՞ Փաշինյան-Ալիև «հրատապ քննարկում», թե՞ ոչ: Ընդ որում, այդպիսի «հրատապ քննարկման» բացակայությունը ամենևին չի նշանակի իրավիճակի ռազմական էսկալացիա: Ի վերջո, բացառված չէ, որ «հրատապ քննարկումն» իր տրամաբանությամբ արդեն իսկ սկսված է և Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը դրա մասին է, ու ըստ էության գոնե առայժմ չկա անմիջականորեն Փաշինյան-Ալիև հանդիպման և քննարկման անհրաժեշտություն: Ուշադրության է արժանի հանգամանքը, որ հեռախոսազրույցների շարքում բացակայում է զրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ: Սա պայմանավորված է այն առերևույթ գերլարումո՞վ, որ կա Հայաստան-ՌԴ հարաբերության հռետորաբանության հարթությունու՞մ, թե՞ այն, ինչ քննարկում է կամ պատրաստ է քննարկել Հայաստանի վարչապետը իրավիճակի պայթյուն թույլ չտալու համար, սկզբունքորեն հակասության մեջ չէ Ռուսաստանի պատկերացումների հետ:
Այդ դեպքում առաջանում է հարց, թե ինչո՞վ է պայմանավորված առնվազն հռետորաբանության մակարդակում այն փոխհրաձգությունը, որ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից հետո, որ նա տվել էր իտալական պարբերականին: Միթե՞ այդ փոխհրաձգությունը պարզապես «ներկայացում» է, ինչ որ տակտիկական նկատառումով: Շատ բարդ է ասել: Իհարկե «թատրոնի» մասին խոսելը թերևս չի լինի պատեհ, բայց միևնույն ժամանակ իրատեսական և համարժեք չի լինի մտածել, որ, Նիկոլ Փաշինյանն օրինակ կարող է ինչ որ բան խոսել Էրդողանի հետ, որը լինի Ռուսաստանի պատկերացումներից դուրս, և միաժամանակ՝ իրատեսական ու իրագործելի, հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ ընդամենը մի քանի օր առաջ Էրդողանը Պուտինի հյուրն էր և փորձում էր վերականգնել նրա և ԱՄՆ միջև միջնորդի իր կարգավիճակը: Ավելին, գուցե արժե դիտարկել ընդհուպ տարբերակ կամ վարկած, որ Փաշինյանի հետ Էրդողանի սպասվող հեռախոսազրույցը լայն իմաստով կարող է լինել հենց այդ միջնորդության մի դրսևորում:









































