Հայաստանը խորհրդարանական կառավարմամբ պետություն է, ինչը նշանակում է, որ խորհրդարանն է Հայաստանի միակ առաջնային մանդատով օժտված ներկայացուցչական ինստիտուտը: Ինչո՞վ է զբաղված այդ ինստիտուտի մեծամասնությունն այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի գործադիր իշխանությունը ամենաբարձր մակարդակով ազդարարում է պատերազմի վտանգի մասին, արտերկրի դեսպաններին, առաջնորդներին, արտգործնախարարներին հայտնում Հայաստանի սահմանին ադրբեջանական զինուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին, կոչ անում միջազգային հանրությանը թույլ չտալ ապակայունացում, կանխել իրավիճակի պայթյունը:
Այդ ընթացքում Հայաստանի առաջնային մանդատ կրող միակ ներկայացուցչական ինստիտուտի ներկայացուցիչները, այդ թվում ԱԺ նախագահը, զբաղված են ոչ թե խորհրդարանական դիվանագիտության օրինբուն աշխատանքով, երբ պետք է չունենային անգամ «քիթ սրբելու» ազատ ժամանակ, այլ Երևանի քաղաքապետի ընտրության նախընտրական արշավին մասնակցելով, Երևանի քաղաքապետի՝ իշխանական թեկնածուի նախընտրական հանդիպումներն ուղեկցելով, նախընտրական բուկլետ բաժանելով:
Խորհրդարանական մեծամասնությունն աչքի է ընկնում դրանով, ուրիշ ոչ մի բանով, եթե իհարկե չդիտարկենք արձակուրդային, ժամանցային, կամ նվազագույնը՝ ուիքենդային այլ դրսևորումները սոցցանցային տարատեսակ հարթակներում, որոնք Հայաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների զբաղմունքն են ամբողջ տարվա ընթացքում: Գործնականում, Հայաստանը վերածվել է խորհրդարանական անպատասխանատվությամբ պետության, որտեղ խորհրդարանի դերըւ լիովին ստորադասվել է վարչապետին, կառավարությանը:
Եթե մինչև 2018 թվականը խորհրդարանը ստորադասված էր նախագահի ինստիտուտին, ապա 2018-ից հետո այն ստորադասված է արդեն վարչապետի ինստիտուտին, և դրան ստորադասված է նաև նախագահի ինստիտուտը: Եվ բանն այստեղ ամենևին սուպերվարչապետական մոդելը չէ, որովհետև մոդելը ինչքան էլ լինի սուպերվարչապետական, միևնույն է, խորհրդարանն է վարչապետ նշանակողը և վարչապետին անվստահություն հայտնողը, խորհրդարանն է առաջնային ներկայացուցչական մանդատի կրողը, հետևաբար ամբողջ հարցն այն է, թե որքանով է դա գիտակցում յուրաքանչյուր խորհրդարանական, որքանով է յուրաքանչյուր խորհրդարանական գիտակցելով դա նաև մտածում որպես քաղաքական անձ: Այստեղ է եղել Հայաստանի խնդիրը մինչև 2018 թվական, այստեղ է Հայաստանի խնդիրը նաև առ այսօր:









































