Արցախի իշխանությունների կողմից կա հստակ որոշում՝ փակ պահել Ակնա– Ստեփանակերտ ճանապարհը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
«Վերջին շաբաթներին Արցախի իշխանությունների քննարկումները հանգել են միայն այն փաստին, որ այդ ճանապարհի գործարկումն անընդունելի է։ Անընդունելի է մի շարք պատճառներով` մեկը այն է, որ իբր և միջանցք մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք, ու անխափան երթևեկը այդ ճանապարով պետք է վերականգնվի, դա ամրագրված է նաև 2020 թ–ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով»,– ասաց նա։
Դավիթ Իշխանյանը վստահ է, որ Աղդամի ճանապարհով փորձելով հումանիտար բեռ հասցնել Արցախ` Ադրբեջանը հերթական սադրիչ քայլն է անում և փորձում է աշխարհին ցույց տալ, որ իբրև ամեն ինչ անում են Արցախի ժողովրդի կարիքները ապահովելու համար։
«Կա ևս մեկ նրբություն. Ադրբեջանը իր «Կարմիր մահիկի» միջոցով փորձում է Արցախից դուրս մղել «Կարմիր խաչի» գրասենյակը, իսկ միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն է»,– նշեց Իշխանյանը։









































