Հունաստանի Սալոնիկ քաղաքում նախօրեին տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում վիրավորվել է 2 մարդ, ձերբակալվել են ավելի քան 100 ակտիվիստներ: Բողոքի ցույցերի պատճառ են հանդիսացել կառավարության կողմից հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ձեռնարկվող խիստ միջոցառումները: Վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն հայտարարել է, որ կառավարությունը հավելյալ քայլեր է ձեռնարկելու ծախսերի կրճատման ուղղությամբ, քանի որ այլ կերպ արտասահմանից վարկեր Հունաստանին չեն տրամադրելու: Նա հայտարարել է նաև, որ աննախադեպ ճգնաժամը Հունաստանին չի ստիպելու դուրս գալ եվրոյի գոտուց:
Ցուցարարները վարչապետի ելույթից անմիջապես հետո հարձակվել են խանութների վրա, կոտրել ապակիները, իսկ փողոցներում խարույկներ են վառվել: Ոստիկանությունը մարդկանց ցրելու նպատակով կիրառել է արցունքաբեր գազ:
Հիշեցնենք, որ Հունաստանում ֆինանսական խորը ճգնաժամը ստիպում է կառավարությանը վարկեր խնդրել Եվրամիության իրենց գործընկերներից, ովքեր պահանջում են օգնության դիմաց կրճատել բյուջետային ծախսերը:










































