Երևանի ՋԷԿ-ի տնօրենն ու Իրանի նավթի փոխնախարարը օգոստոսի 10-ին Երևանում ստորագրել են Գազ էլեկտրաէներգիայի դիմաց հայ-իրանական ծրագրի իրականացումը մինչև 2030 թվական երկարաձգելու մասին համաձայնագիր, որը ենթադրում է նաև գործարքի ծավալների ավելացում՝ ավելի շատ գազ Իրանից և Հայաստանում արտադրվող ավելի շատ էլեկտրաէներգիա դեպի Իրան:
Հարկ է նկատել, որ Երևանի ՋԷԿ արդիականացումից հետո, որ իրականացվեց ճապոնական մասնագետների ներգրավումով, գազով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը զգալիորեն նվազել է, հետևաբար հայ-իրանական գործարքը դրանով դարձել է առավել շահեկան: Այդ գործարքը Հայաստանի և Իրանի փոխհարաբերության խոշոր նախագծերից մեկն է, որ իրագործվում է արդեն մոտ երկու տասնամյակ: Իսկ այդօրինակ նախագծերի նշանակությունն անշուշտ միայն տնտեսական չէ, այլ նաև քաղաքական և նույնիսկ որոշակի իմաստով ռազմա-քաղաքական: Գերագնահատել անշուշտ պետք չէ, սակայն մեծ հաշվով, միջպետական հարաբերությունները սերտանում են հենց այդօրինակ նախագծերի շնորհիվ և որքան մեծ են տնտեսական փոխադարձ շահեկանություն ենթադրող ծրագրերը, այդքան ավելի են սերտանում երկրների քաղաքական կապերը, ամրանում քաղաքական շահերը: Սա աքսիոմատիկ իրողություն է միջազգային հարաբերություններում, և դրա ներքո պետք է դիտարկել նաև Հայաստանի արտաքին հարաբերությունները: Այլապես, դրանք մշտապես երևակվում են զգայական հարթությունում, այդ թվում Իրանի առնչությամբ:
Մինչդեռ, առավել ևս այսօր շատ կարևոր է արձանագրել, որ քաղաքականության, անվտանգության ոլորտում համատեղ աշխատանքը խթանող առանցքային բաղադրիչներից մեկը տնտեսական փոխադարձ շահեկանությամբ կոոպերացիայի խորացումն է, որն Իրանի առնչությամբ առավել կարևոր է նաև հատկապես այն առումով, որ հայ-իրանական հաղորդակցության աշխարհագրական հանգուցային կետը Սյունիքն է, ռեգիոնալ կարևորագույն ռազմա-քաղաքական «կռվանը», որտեղ Հայաստանն ու Իրանն ունեն շոշափելի ընդհանուր շահեր, որոնք սակայն պետք է ամուր կապվեն տնտեսական թելերով: Սա կարևոր քաղաքական նշանակություն ունի նաև այլ կարևոր դերակատարների հետ Հայաստանի աշխատանքային փոխհարաբերության համատեքստում, նկատի ունենալով և այն քաղաքական ու ռազմա-քաղաքական մրցակցությունը կամ տարակարծություններն ու հակադրությունները, որ կան նրանցից շատերի և Իրանի միջև: Տնտեսական գործիքակազմն ու հանգույցները Հայաստանին այդ առումով մի կողմից կտան Իրանի հետ հարաբերության խորացման, մյուս կողմից՝ այլ ուղղություններով հարաբերությունները արդյունավետ և հնարավորինս առանց սուր անկյունների առաջ տանելու և խորացնելու հնարավորություն:








































