2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների տասներորդ տարելիցին մենք հիշում ենք, որ սեպտեմբերի 11-ի հարձակման թիրախը սոսկ Միացյալ Նահանգները չէր, այլ ողջ աշխարհը, մարդկությունը ու մեր ընդհանրական հույսերն ու անուրջները:
Մենք հիշում ենք, որ այդ հարձակումների 3000 անմեղ զոհերի շարքում կային հարյուրավոր քաղաքացիներ` ավելի քան 90 երկրներից: Զոհերի թվում կային տարբեր տարիքի, տարբեր դավանական ու ռասայական պատկանելության կանայք և տղամարդիկ: Այսօր մենք միանում ենք նրանց ընտանիքներին ու երկրներին` մատուցելու մեր հիշատակի տուրքը:
Մենք երախտագիտությամբ ենք հիշում, թե ինչպես տասը տարի առաջ աշխարհը համախմբվեց և մեկ բռունցք կազմեց: Աշխարհի տարբեր քաղաքներում հարգում էին զոհերի հիշատակը լռության րոպեներով, և ողջ քաղաքը քարանում էր այդ պահերին: Աղոթքներ էին հնչում առ Աստված եկեղեցիներում, մզկիթներում, սինագոգներում և պաշտամունքի այլ վայրերում: Իսկ մենք` Միացյալ Նահանգներում գտնվողներս, երբեք չենք մոռանա, թե ինչպես աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ ի նշան համերաշխության մոմավառությամբ միացան մեզ` մեր դեսպանատների մոտ, որտեղ ծաղիկներին չափ ու սահման չկար:
Մենք հիշում ենք, որ սեպտեմբերի 11-ին հաջորդած շաբաթների ընթացքում մենք հանդես էինք գալիս որպես մեկ միջազգային հանրություն: Մեր լայն դաշինքի միջոցով մենք կարողացանք Աֆղանստանի իրենց ուսումնական ճամբարներից քշել «Ալ-Քաիդային», թուլացնել «Թալիբանին» և առանց ահաբեկչության վտանգի ապրելու հնարավորություն ընձեռել Աֆղանստանի ժողովրդին: Ինչևէ, տարիները, որ հաջորդեցին, լի էին դժվարություններով, թուլացել էր համընդհանուր գործընկերության ոգին, որ մենք զգացինք սեպտեմբերի 11-ից հետո:
Որպես նախագահ` ես ձգտել եմ վերականգնել համընդհանուր գործակցությունը, որ անհրաժեշտ է մեզ ամբողջովին դիմակայելու մարտահրավերներին: Մենք կերտել ենք փոխադարձ շահերի ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործակցություն պետությունների ու ժողովուրդների հետ, որով նշանավորվում է համատեղ աշխատանքի մի նոր դարաշրջան:
Որպես միջազգային հանրություն` մենք կարողացանք ցույց տալ, որ իրենց ուժով ու ոգու աննկունությամբ ահաբեկիչները չեն կարող համեմատվել մեր քաղաքացիների հետ: Ես հստակորեն նշել եմ, որ Միացյալ Նահանգները չի պատերազմում և երբեք չի պատերազմի Իսլամի դեմ: Մենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ միավորվել ենք ընդդեմ «Ալ-Քաիդայի», որը հարձակումներ է գործել տասնյակ երկրների վրա և հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր է խլել, որոնց գերակշիռ մասը մահմեդականներ են եղել: Այս շաբաթվա ընթացքում մենք մեր հիշատակի տուրքն ենք մատուցում «Ալ-Քաիդային» զոհ գնացած բոլոր անձանց և հիշում, թե ինչպիսի խիզախություն ու աննկուն ոգի հանդես բերեցին նրանց ընտանիքներն ու համաքաղաքացիները` Միջին Արևելքից մինչև Եվրոպա և Աֆրիկայից մինչև Ասիա:
Միասին գործելով` մենք կանխել ենք «Ալ-Քաիդայի» դավադրությունները, վերացրել ենք Ուսամա բեն Լադենին և նրա ղեկավարներից շատերին, և «Ալ-Քաիդան» գտնվում է պարտության ճանապարհին: Միաժամանակ, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդները ցույց են տալիս, որ արդարության ու արժանապատվության երաշխավորված ուղին բռնության բացակայության բարոյական ուժն է, և ոչ անմիտ ահաբեկչությունը և բռնությունը: Պարզ է, որ բռնի ծայրահեղականների ժամանակները մնացել են անցյալում, և ապագան պատկանում է նրանց, ովքեր գալիս են կառուցելու, և ոչ թե ավերելու:
Այն երկրներն ու ժողովուրդները, որ ձգտում են խաղաղ ու բարեկեցիկ ապագայի, թող իմանան, որ գործընկեր ունեն` ի դեմս Միացյալ Նահանգների: Չնայած մեր երկրի ներսում առկա տնտեսական մարտահրավերներին, Միացյալ Նահանգները կշարունակի առանձնակի առաջնորդող դեր խաղալ աշխարհում: Երբ մենք Իրաքից հանենք մեր մնացյալ զորքերը, երբ պատասխանատվությունը փոխանցենք Աֆղանստանին, մենք կշարունակենք օգնել իրաքցիներին և աֆղանստանցիներին` ապահովելու անվտանգությունն ու նրանց համար հեռանկարներ բացելու հարցում: Արաբական երկրներում և դրանից էլ այն կողմ, մենք կանգնած ենք ի պաշտպանություն արժանապատվության և մարդու համընդհանուր իրավունքների:
Ամբողջ աշխարհում մենք կշարունակենք եռանդագին աշխատանքն ի նպաստ խաղաղության, ի նպաստ զարգացման, որը թույլ կտա հաղթահարել աղքատությունը, ի նպաստ սննդապահովման, առողջության և բարեխիղճ կառավարման, ինչի շնորհիվ հասարակությունների ու քաղաքացիների համար կբացվեն նորանոր հեռանկարներ:
Միաժամանակ, մեր երկրի ներսում մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը մեր երկրի արժեքներին: Միացյալ Նահանգները, լինելով ներգաղթողների երկիր, իր հարկի տակ սիրով ընդունում է ցանկացած մշակույթի տեր ու ցանկացած երկրից ժամանած մարդկանց: Այս նորագույն ամերիկացիները, ինչպես և տասը տարի առաջվա անմեղ զոհերը, մեզ վերստին հիշեցնում են, որ մեզ բոլորիս` անկախ ռասայական, ազգային, կրթական, դավանական տարբերություններից, միավորում է այն հույսը, որ մենք կարող ենք այնպես անել, որ այս և ապագա սերունդների համար աշխարհը լինի ավելի լավը: Այդպես են մեզ պատգամել նրանք, ովքեր այսօր մեր կողքին չեն:
Նրանք, ովքեր հարձակում գործեցին մեզ վրա 2001թ. սեպտեմբերի 11-ին, ուզում էին սեպ խրել Միացյալ Նահանգների ու աշխարհի միջև: Դա նրանց չհաջողվեց: Այսօր, այդ դեպքերի 10-րդ տարելիցին, մենք, մեր բարեկամների ու գործընկերների հետ միավորված, մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն անձանց, ում կորցրեցինք պայքարի ընթացքում: Ի հիշատակ նրանց` մենք վերահաստատում ենք գործընկերության և փոխադարձ հարգանքի ոգին, որ անհրաժեշտ է մեզ իրականություն դարձնելու այն աշխարհը, որտեղ բոլոր ժողովուրդները կապրեն արժանապատիվ, ազատ և խաղաղ կյանքով:
ԱՄՆ նախագահի այս հոդվածը տրամադրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը









































