Հեռուստատեսության լեզուն չպետք է կենցաղային լինի` ա-երով, ու-երով, քանի որ հեռուստատեսությունը խոշորացնում է եթերից հնչող սխալները: Եթերի լեզուն այլ պետք է լինի: Լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ՀՌԱՀ փոխնախագահ, Երևանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Ըստ նրա`պետք է ուշադրություն դարձնել եթերի խոսքի մեղեդայնության վրա: «Ցավով պետք է նշել, որ հեռուստաընկերության խնդիրները գալիս են այստեղից»,- ասաց Դադասյանը` չբացառելով, որ խոսքին որոշակի պատկերավորություն հաղորդելու համար հեռուստատեսային լեզվում, օրինակ` ֆիլմերում կամ սերիալներում կարող են օգտագործվել կենցաղային, ժարգոնային բառեր:
Օրինակ բերելով Խորեն Աբրահամյանի մարմնավորած դերերը` նա ընդգծեց, որ վերջինիս խոսքը երբևէ աչքի չի ընկել ա-խոսությամբ, սակայն կարողանում էր իր ինտոնացիայի շնորհիվ մարդկանց հաղորդել իր ասելիքը:










































