Ադրբեջանի մի քանի տասնյակ այսպես կոչված «բնապահպանական» ՀԿ-ներ դիմել են Հայաստանի վարչապետին, կոչ անելով դադարեցնել Հայաստանում իրենց կարծիքով իբրև թե բնապահպանական ստանդարտների խախտումով իրականացվող հանքարդյունաբերությունը, որն իբրև թե վնասում է ամբողջ ռեգիոնին, և «պահանջում» են բացել այդ արդյունաբերական ձեռնարկությունների դռները միջազգային փորձագետների, բնապահպանների առաջ: Կասկածից վեր է, և թերևս ավելորդ է թերևս եզրակացնել, որ այդ ՀԿ-ները, որոնք նամակ են գրել, մեղմ ասած նույնքան «բնապահպանական» են, որքան Լաչինի միջանցքը արգելափակած ալիևյան «բնապահպանները»: Նրանք անշուշտ Ադրբեջանի «հատուկ նշանակության» ստորաբաժանումներ են, որոնք վաղը կարող են դառնալ առողջապահության խոշոր մասնագետներ՝ եթե հարկ լինի պաշտոնական Բաքվին:
Հետևաբար կասկած չկա, որ նամակը ընդամենը ադրբեջանական քաղաքականության թերևս պլանավորված մեծ արշավի մի մեկնարկ է, որը ցույց է տալիս, որ Երասխի մետալուրգիական գործարանի դեմ Բաքվի կրակոցները և բողոքները ընդամենը «սաղմն» էին, իսկ բուն պլանը ներառում է Հայաստանի հանքարդյունաբերական ամբողջ ոլորտը: Կասկածից վեր է, որ Բաքվի նվազագույն նպատակը Հայաստանի հանդեպ քաղաքական ճնշումն ավելացնելն է, իսկ առավելագույնը՝ Հայաստանի տնտեսական համակարգի խոշորագույն սեգմենտի կենսագործունեությունը թիրախավորելն ու խաթարելը, այդ կերպ Հայաստանին պատճառելով տնտեսական նորանոր վնասներ:
Ընդ որում, այստեղ խոսք կարող է լինել բառի բուն իմաստով թիրախավորելու մասին, մասնավորապես սահմանամերձ արդյունաբերական օբյեկտները, որոնք առանց այդ էլ ենթարկվում են Բաքվի ռազմական սադրանքների: Դրա հետևանքով օրինակ դադարեցվում է Սոթքի ոսկու հանքավայրի գործունեությունը, որը Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է, թիրախավորվում է Երասխի գործարանը: Չի բացառվում, որ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել այլ օբյեկտներ թիրախավորելու «հող նախապատրաստելուն»: Կասկածից վեր է, որ ադրբեջանական հերթական «բնապահպանական» ագրեսիան պահանջում է շատ լուրջ ուշադրություն և աշխատանք, դրա ոչ միայն միջազգային որևէ լոյալ ընկալում թույլ չտալու, այլ միջազգայնորեն գործնական հակազդելու համար, որպեսզի չստացվի այն պատկերը, ինչ Արցախի պաշարման դեպքում՝ հորդորներ, դատապարտող հայտարարություններ, սակայն իրավիճակի ոչ մի փոփոխություն և պաշարման առավել խստացում:







































