Արմավիրի մարզի Գայ համայնքում գտնվող գյուղմթերքի շուկայում, որը առավել հայտնի է «Մեյմանդար» անունով, կուտակված աղբի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով՝ փրկարարները կարճ ժամանակ անց մարել են այն:
Ըստ մամուլի հրապարակումների էլ՝ հրդեհի հետևանքով մեքենաներ են այրվել, սակայն ՆԳՆ ոստիկանությունից միայն հայտնեցին, որ տուժածներ ու վիրավորներ չկան:
ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնել են, որ հուլիսի 4-ին՝ ժամը 20։16-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում այրվում է պլաստմասե տարաների պահեստ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել՝ 21:19-ին: Շուկայի պարսպի մոտակայքում այրվել են կուտակված պլաստմասե արկղեր (մոտ 500 քմ տարածքում):








































