Հայաստանում դատական կարգով գումարների բռնագանձման հարցերով այսուհետ կզբաղվեն նոտարները և ոչ թե ընդհանուր իրավասության դատարանները: Այս փոփոխությունը նպատակ ունի բեռնաթափել դատարանները:
Այս առնչությամբ իրավագետ Արտաշես Խալաթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ իրավիճակին ճիշտ ախտորոշում է տրվել, բայց այդ ախտորոշումը կիսատ է այն առումով, որ մի կողմից կա դատավորների ծանրաբեռնվածության խնդիր, մյուս կողմից այդ ծանրաբեռնվածության պատճառները գալիս են դատավորների շրջանում կարգապահության խնդիրներից, որոնց մասին բազմիցս խոսվել է հենց ԲԴԽ-ի ղեկավարության ու անդամների կողմից:
«Խոսքը վերաբերում է ողջամիտ դատաքննության ժամկետների խախտման դեպքերի մասին: Իհարկե, բայց սուբյեկտիվ այս գործոնից կա նաև օբյեկտիվ գործոնը, դատավորներն իսկապես գերծանրաբեռնված են: Բայց պետք է նաև նշել, որ Հայաստանը 100 հազար բնակչին բաժին ընկնող դատավորների թվով շատ խնդրահարույց վիճակում է այն առումով, որ դատավորների թիվը բավականին քիչ է: Միջազգային չափանիշներին հասնելու համար դատական կազմը ևս պետք է համալրվի: Փաստորեն այդ ուղղությամբ ևս պետք է աշխատանք։ տանել, ոչ թե միայն որոշ տեսակի գործեր դատավորներից վերցնելն է հարցի լուծումը»,-ընդգծեց նա:










































