Որքանով տեղյակ եմ՝ ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատողների եկամտային հարկը 20 տոկոսից 5 տոկոսի իջեցնելու նախաձեռնությունը համատարած չպետք է լինի, այլ այն ընկերություններին պետք է վերաբերի, որոնք էապես նպաստում են արտահանմանը և արտահանում են իրենց արտադրանքը և նպաստում ոլորտի զարգացմանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության այդ նախաձեռնությանը:
«Ընդհանուր առմամբ, ես շատ զգուշավոր եմ մոտենում տարբեր տեսակի արտոնություններին: Կգա պահը, կքննարկենք, միգուցե այնպիսի հիմնավորումներ բերեն, որ կարող են ընդունելի լինել: Այս պահին վերջնական պատասխան ես չեմ կարող տալ»,-ասաց Աղազարյանը:
Դիտարկմանը, որ ՏՏ լորտը խեղդված վիճակում է, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Նման ձևակերպումը ճիշտ չէ, ուղղակի ոլորտը շատ արագ տեմպերով զարգանում է և, այո, ինչ-որ իմաստով նաև բարեբախտաբար, կադրերի պակաս կա: Հետևաբար, մեր բուհերը այդ կապակցությամբ պետք է ուղենիշ ունենան, որ այդ բացը լրացվի»: