Եգիպտոսը փոխում է մուտքի արտոնագրեր ստանալու՝ տարիներ շարունակ գործող կարգը: Ըստ նոր կարգի` այլևս հնարավոր չի լինի մուտքի արտոնագիր ստանալ երկրի սահմանի վրա, եթե մուտք գործող օտարերկրացին չունի տուրիստական ուղեգիր կամ չի գտնվում տուրիստական խմբում: Այս մասին այսօր հաղորդել են եգիպտական լրատվամիջոցները: Պարզվել է, որ ոչ զբոսաշրջային նպատակներով երկիր մուտք գործողներին մուտքի արտոնագիր տրամադրելն այսուհետ խստիվ արգելվում է: Այդ դեպքում Եգիպտոս ժամանողները արտոնագիր ստանալու սովորական գործընթաց են անցնելու:
Իշխանությունները կոչ են արել տուրիստական ընկերություններին զգուշացնել իրենց հաճախորդներին այս փոփոխությունների մասին: Զբոսաշրջային ոլորտի մասնագետներն ասում են, որ այս կարգը կարող է նկատելի ազդեցություն ունենալ այդ ոլորտի վրա, որը զգալի մուտքեր է ապահովում եգիպտական տնտեսության համար:









































