Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այց է կատարում Ֆրանսիա: Այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ բավականին լարված է թե Հայաստան-Ադրբեջան սահմանի, թե արցախ-ադրբեջանական շփման գծի իրավիճակը: Իհարկե չկան մարտական գործողություններ, սակայն բավականին հաճախակի են հրադադարի խախտումները, որոնք Ադրբեջանն ուղեկցում է ապատեղեկատվությամբ, թե դրանք իրականացնում են հայկական զինված ուժերը: Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը իրականացնում է շրջայց, որի ընթացքում ստուգում է զորքերի մարտական պատրաստությունը:
«2023 թվականի 1-ին կիսամյակում զորքերի պատրաստության աստիճանը գնահատելու և ամփոփելու շրջանակներում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի կողմից իրականացվում են մարտական պատրաստականության, պատրաստության, մարտունակության, զորքերի կառավարման և ապահովման կազմակերպման համալիր ստուգումներ: Ստուգումներին ներգրավված են ինչպես համազորային, այնպես էլ զորատեսակների ու հատուկ զորքերի ուժեր ու միջոցներ», հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը:
Նախապես պլանավորվա՞ծ էր Սուրեն Պապիկյանի այցը, թե՞ այն իրականացվում է հենց լարվածության հանգամանքների բերումով, որ նկատվում են սահմանին եւ շփման գծում: Սա էական նրբերանգ է, որը կարող է պայմանավորել այցի տրամաբանությունն ու բովանդակությունը: Հայաստանը Ֆրանսիայից ակնկալում է աջակցություն ներկայիս լարվածությունը նվազեցնելու՞, թե՞ հնարավոր թեժացման հարցում սպառազինական աջակցություն ցուցաբերելու համար: Բանն այն է, որ այդ պարագայում առաջանալու է հարց, թե ինչ ճանապարհով է այդ սպառազինությունը հասնելու Հայաստան, եթե առաջանա դրա հրատապ անհրաժեշտությունը եւ լինի Ֆրանսիայի պատրաստակամությունը:
Այլ է հարցը, եթե Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը ժամանակային առումով համընկել է լարվածության «շնչին», սակայն անմիջական օպերատիվ կապակցվածության մեջ չէ դրա հետ, այլ պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական գործակցության սկզբնավորվող, սաղմնավորվող աշխատանքի շրջանակում է, որտեղ կա անցնելու կարեւոր, բայց երկար ճանապարհ, որի ուղղությամբ իհարկե պահանջվում է հետեւողական աշխատանք՝ հասկանալու համար, թե որոնք են պաշտպանական գործակցության ռացիոնալ ուղղությունները, փոխշահեկան իրատեսական, առարկայական հնարավորությունները:








































