Զարգացման ծրագրերը մշտապես են եղել, և դպրոցների տնօրենները մշտապես գրել են զարգացման ծրագիր, նորություն այն է, որ այժմ զարգացման ծրագիրն արտաքին փորձաքննության է տրվում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կրթության փորձագետ Լիլիթ Մկրտչյանը:
«Բայց այստեղ այլ խնդիր կա. մի բան է զարգացման ծրագիր գրել, մեկ այլ բան՝ դա կյանքի կոչելը: Ես շատ մեծ հույս ու ակնկալիք ունեմ, որ նախարարությունը հետևողական կլինի, որ տնօրենները, որոնք կհաղթահարեն զարգացման ծրագիրը, կնշանակվեն տնօրենի պաշտոնում, հետո հետևողական կլինեն, որ կյանքի կոչեն իրենց իսկ կողմից գրված զարգացման ծրագիրը:
Մինչև հիմա առանձնապես ուշադրություն չեն դարձրել դպրոցի զարգացման ծրագրին, ինքը եղել է որպես պարտադիր փաստաթուղթ, բայց դրա հետևից գնացող, ստուգող չի եղել: Անշուշտ, զարգացման ծրագրերը պետք է տարբեր լինեն, չեն կարող իրար կրկնել, որովհետև յուրաքանչյուր դպրոց տարբեր է իր կարիքներով, ռսուրսներով ու հնարավորություններով,-ընդգծեց Լիլիթ Մկրտչյանը:











































