CNN Türk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործի 195-րդ դատալսումը։
Դրա ժամանակ «Էրգենեկոն»-ի գործով կասկածյալ Բեդիրհան Շինալը, որը մեղադրվում է թուրքական Cumhuriyet թերթի խմբագրատան վրա իրականացված հարձակման մեջ, ուշագրավ տեղեկություններ է հաղորդել Դինքի սպանության վերաբերյալ.
«Հրանտ Դինքի սպանությունից հետո ոստիկանության հետ միասին մշակել էինք «Ակօս» թերթի խմբագրության դեմ ծրագիր։ Հարձակումների պետք է ենթարկվեին «Ակօս»-ի մյուս աշխատակիցները»։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունների դատարանը «ծրագրված սպանություն իրականացնելու» և «ապօրինի զենք կրելու» համար Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին դատապարտեց 22 տարի և 10 ամիս ազատազրկման։
Դրանից երկու օր անց թուրքական Radikal թերթը գրեց, որ Սամասթի դատավճիռը չլուծեց Դինքի սպանության հետ կապված բազմաթիվ խնդիրները. «Օգյուն Սամասթի դատապարտվելուց հետո տվյալ գործին առնչվող դեռ բազմաթիվ խնդիրներ են մնացել, շատ հարցեր անպատասխան են մնացել։ Դինքի սպանության գործով կա 20 կասկածյալ, որոնցից միայն երկուսն են (Յասին Հայալ և Էրհան Թունջել) ձերբակալված։
Դեռևս անհայտ է մնում Դինքի սպանության ետևում կանգնած «մութ ուժերի» ճակատագիրը։ Խոսքը նաև թուրքական ուժային կառույցների ներկայացուցիչների մասին է, որոնց թողտվության կամ անփութության արդյունքում չի կանխվել Դինքի սպանությունը»։









































