Իսրայելական Cursorinfo.co.il կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան Իսրայելին հավասարեցնում է Հայաստանի հետ, բոլոր հարաբերությունները խզվում են։
Թուրքիան մոտ ապագայում ամբողջովին սառեցնելու է Իսրայելի հետ իր հարաբերությունները, որով և երկու երկրների հարաբերությունները կհիշեցնեն Թուրքիայի և Հայաստանի ներկայիս հարաբերությունները։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Վերջիններիս հաղորդմամբ՝ Թուրքիան ոչ միայն խզելու է Իսրայելի հետ բոլոր հարաբերությունները, այլև ակտիվորեն խոչընդոտելու է ՆԱՏՕ-ին Իսրայելի անդամակցության գործընթացին։ Բացի այդ, Թուրքիան ճնշումներ է գործադրելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԵ) վրա՝ պահանջելով սանկցիաներ կիրառել Իսրայելի նկատմամբ, ինչի հիմք կարող է ծառայել այն պնդումը, թե Իսրայելը խախտում է միջուկային զենքի չտարածման մասին կոնվենցիան։
Միևնույն ժամանակ Անկարայում շարունակում են պնդել, թե այս ամենից կարելի է խուսափել, եթե Իսրայելը ներողություն խնդրի նախորդ տարվա մայիսի վերջին գրանցված «Մավի Մարմարա»-ի միջադեպի համար։










































