2022 թվականի հունիսի 6-ին Ուելսի ազգային հավաքականն աշխարհի առաջնության փլեյ-օֆի եզրափակիչ խաղում սեփական հարկի տակ, «Քարդիֆ սիթի» 1։0 հաշվով հաղթեց Ուկրաինային։ Վերջինս գլխավորում էր Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Ուելսից կրած պարտությունն ու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուր չգալը գլխավոր պատճառներից էր, որ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան չերկարաձգեց պայմանագիրն այս մասնագետի հետ։ Նշենք, որ Ուելսի դեմ խաղում Ուկրաինան ուներ տոտալ առավելություն դարպասի ուղղությամբ կատարելով 22 հարված։ Որոշ դեպքերում գնդակն ուղղակի հրաշքով չհայտնվեց դաշտի տերերի դարպասում։ Այս խաղում որոշիչ եղավ Ուելսի հավաքականի լեգենդ և ավագ Գարեթ Բեյլի 34-րդ րոպեին խփած գնդակը։ Նշենք, որ աշխարհի առաջնության փլեյ-օֆի կիսաեզրափակչում Ուկրաինան հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթել էր Շոտլանդիայի ուժեղ հավաքականին։
Ինչևէ, Ուկրաինայի հավաքականի համար ճակատագրական խաղից մեկ տարի անց Ալեքսանդր Պետրակովը վերադառնում է «Քարդիֆ Սիթի» արդեն որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։ Ճակատագիրը ուկրաինացի մասնագետին հնարավորություն է ընձեռնել վրեժխնդիր կանաչ խաղադաշտում ուղիղ մեկ տարի անց։ Նշենք, որ Ուելսի դեմ խաղը կարող է ճակատագրական լինել թե Հայաստանի հավաքականի և թե Պետրակովի համար։ Մասնավորապես, հաղթանակը կարող է բեկումնային լինել մեր ազգային թիմի համար, մասնավորապես Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի համար պայքարում։ «Ես չգիտեմ ինչ ասել, ֆուտբոլում նաև այսպիսի հանդիպումներ են լինում։ Տեղի՞ն կլինի արդյոք ներողություն խնդրել այսքան գոլային հնարավորություն չօգտագործելու համար։ Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին։ Նրանք արեցին ամեն ինչ, պարզապես գնդակն այսօր չհայտնվեց դարպասում»,- Ուելսի դեմ խաղից խաղից հետո ասել էր Պետրակովը։ Այն, որ Պետրակովը լավ ծանոթ է Ուելսի թիմի կարծում ենք պարզ է։ Այո, Ուելսի հավաքականում աշխարհի առաջնությունից հետո տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, բայց․․․։ Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանի հավաքականի ուկրաինացի մարզիչը վերլուծելով Ուելսի ազգային թիմի խաղը պատրաստած կլինի «անակնկալ»։ Նշենք, որ Պետրակովի մոտ բավական հաջող է ստացվում կարդալ մրցակից հավաքականի խաղը։
Նրա գլխավորությամբ Ուկրաինայի ազգային թիմը 15 խաղ է անցկացրել․ տարել 6 հաղթանակ, 7 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 2 պարտություն։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնում Ուկրաինան և Հայաստանը ընդգրկված էին միևնույն ենթախմբում։ Պետրակովկի գլխավորությամբ Ուկրաինան մեր ազգային թիմին Լեհաստանում 3։0 հաշվով հաղթելուց հետո, Երևանում առավելության էր հասել խոշոր 5։0 հաշվով։ Ուշագրավ վիճակագրական տվյալներ։ Պետրակովի գլխավորությամբ Ուկրաինայի ազգային հավաքականը միայն երկու խոշոր հաշվով հաղթանակ է տարել։ Այդ երկու հաղթանակներն էլ գրանցել են հենց Հայաստանի ազգային թիմի դեմ մրցավեճում։ Որպես ազգային թիմի գլխավոր մարզիչ Պետրակովը ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել է Հայաստանի դեմ մրցավեճում՝ Երևանում։ Նշենք նաև, որ Պետրակովը հավաքական թիմերում աշխատելու մեծ փորձ ունի, ինչը որոշակի առավելություն է տալիս մրցակցի հավաքականների մարզիչների նկատմամբ։
Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է տարբեր տարիքային հավաքականներ։ Նրա գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։ Պետրակովն Ուկրաինայի հավաքականը գլխավորում էր 2021-ի նոյեմբերից։








































