«Հայաստանում հասարակական կյանքի ընդհանուր մթնոլորտը գնալով դառնում է ավելի վատատես, բարոյալքված, և դրա համար կան լուրջ նախադրյալներ` կտրված է կապը քաղաքացու և իշխանության միջև, քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում, փոխադարձ վստահության մթնոլորտը բացակայում է, և չկա այն քաղաքական ուժը, որը կարողանար ստանձնել ժողովրդին առաջնորդելու պարտականությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին, կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
ՀԱԿ-իշխանություն երկխոսությանն անդրադառնալով՝ Մելիքյանը նշեց, որ թեև այն կարևոր է, բայց հեռու է իրական խնդիրները սպառելուց: Նրա գնահատմամբ` ընտրություններին պետք է գնալ հարցերի լուծման օրակարգով: Մելիքյանը երկխոսության հավանական հաջողությունը տասը տոկոս գնահատեց, իսկ ՀՀ երեք նախագահներից ամենաբարձրը Սերժ Սարգսյանի դիրքը գնահատեց, քանզի, ըստ Մելիքյանի, Քոչարյանը կաջակցի Սերժ Սարգսյանին՝ ընդդեմ Տեր-Պետրոսյանի, իսկ վերջինս էլ իր հերթին կաջակցի Սերժ Սարգսյանին՝ ընդդեմ Քոչարյանի:
«Եթե Սերժը շարունակի պաշտոնավարել, մենք կհայտնվենք վերջնական ճահճի մեջ; Տեր-Պետրոսյանի կամ Քոչարյանի իշխանության գալու պարագայում կունենանք ներքաղաքական իրավիճակի արմատական սրում, քանզի կուղեկցվի հակառակորդներին հալածելու գործընթացով, ինչը չի բխում մեր երկրի շահերից: Հետևաբար՝ պետք է փնտրել հաջորդ քաղաքական սերունը, ովքեր կկարողանան այս երեքի միջանձնային հարաբերություններից դուրս առաջնորդել հասարակությանը»,- մանրամասնեց Մելիքյանը:
ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքի մասին խոսելով՝ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ ՀԱԿ-ի համար լավագույն տարբերակը կլինի երկխոսության շարունակությունը, ուղղակի վերջինս պետք է կարողանա պահել իր արժանապատվությունը. «Ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ն այսօր պատրաստ է սրել իրավիճակը: Այսօր չկա համաժողովրդական այնպիսի աջակցություն, որը կար 2008 թ., ավելին՝ Ս. Սարգսյանն այսօր բավականին ուժեղացրել է իր դիրքերը՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, առավել ևս, որ ՀԱԿ-ի առաջնորդի մոտեցումները ԼՂ հարցում նույնն են, ինչ Սերժ Սարգսյանինը, այնպես որ փոփոխության անհրաժեշտություն չկա»:










































