Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը չի կարող ենթարկվել մահապատժի, քանի որ նրա տարիքը 80-ից բարձր է: Այս մասին հայտնում է vesti.ru-ն` հղում անելով եգիպտացի իրավաբան Նասեր Ամինի խոսքերին: Ըստ նրա` մեղավոր ճանաչվելու դեպքում Մուբարաքի հանդեպ պետք է կիրառվի Եգիպտոսում գործող համապատասխան օրենքը, ինչը ենթադրում է պատժի չափի կրկնակի կրճատում` 80 տարեկանը լրանալու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը 83 տարեկան է:
Միաժամանակ` դատավարությունը նոր զարգացումներ է ստանում: Ինչպես արդեն նշել էինք, Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ալ-Ադլիի դեմ ցուցմունք է տվել ոստիկաններից մեկը, ով ասել է, որ այս տարվա սկզբին տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ նախարարը հրաման է տվել կրակ բացել ցուցարարների վրա:







































