GIGAfootball.Net-ի փոխանցմամբ՝ Yahoo Sports-ի մեկնաբաններից մեկը նշել է 5 պատճառ, թե ինչո՞ւ Մադրիդի «Ռեալ»-ը չի կարող համարվել աշխարհի լավագույն ակումբը։ Ստորև ներկայացվում են այդ 5 պատճառները.
1) Ակումբն ամենահարուստը չէ – Չորրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ ակումբ է ճանաչվում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Ըստ Forbes պարբերականի՝ նրա ակտիվները, հաշվի առնելով նաև պարտքերը, գնահատվում են 1.8 միլիարդ դոլար։
2) Ակումբը Չեմպիոնների լիգայում չի հաղթել 2002 թվականից – Սա հայտնի է բոլորին։ Իսպանական ակումբը Չեմպիոնների գավաթ/լիգայում հաղթել է 1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002 թվականներին։
3) Ակումբը չունի ամենամեծ հաճախելիությունը – Նախորդ մրցաշրջանում «Ռեալ»-ի միջին հաճախելիության ցուցանիշը կազմել է 70,736 մարդ։ Տարեկան ընդհանուր հաճախելիությունը կազմել է 1,344,000 մարդ։ Մինչդեռ «Բարսելոնա»-ի ցուցանիշներն ավելի բարձր են. համապատասխանաբար 80,153 և 1,522,913 մարդ։ Forbes պարբերականն ամենաշահութաբեր մարզադաշտ է անվանել Լոնդոնի «Արսենալ»-ին պատկանող «Էմիրեյթս» մարզադաշտը, որը մեկ խաղում բերում է 6 միլիոն դոլար։ Մեկ միլիոնով պակաս է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի ցուցանիշը։
4) Ակումբը հնագույնը չէ – Մադրիդի «Ռեալ»-ը հիմնադրվել է 1902 թվականին։ Մինչդեռ անգլիական «Շեֆիլդ» ակումբը, որը ներկայացնում է նույնանուն քաղաքը, հիմնադրվել է 1857 թվականին, և համարվում է ներկայումս գոյություն ունեցող աշխարհի հնագույն ակումբը։
5) Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չի խաղում «Ռեալ»-ում – Արգենտինացի Լիոնել Մեսին ՈՒԵՖԱ-ի վարկածով և շատ այլ վարկանիշային աղյուսակներում աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։
Ահա սրանք էին այդ 5 պատճառները, որոնց GIGAfootball.Net-ն ավելացնում է ևս 3-ը.
6) Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը հանդես չի գալիս Մադրիդի «Ռեալ»-ի կազմում – Լիոնել Մեսիի («Բարսելոնա») տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո, իսկ Քրիշտիանու Ռոնալդուինը (Մադրիդի «Ռեալ»)՝ 90 միլիոն եվրո։ Ապա գալիս են «Բարսելոնա»-ի մի շարք խաղացողներ. Անդրեաս Ինիեստա (65 միլիոն եվրո), Սեսկ Ֆաբրեգաս (54 միլիոն եվրո), Դավիթ Վիլյա (45 միլիոն եվրո), Խավի (45 միլիոն եվրո)։
7) «Ռեալ»-ի կազմի արժեքն ամենաբարձրը չէ – Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է 531 միլիոն եվրո, մինչդեռ «Բարսելոնա»-ի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 606.1 միլիոն եվրո։
8) Թիմի կազմում օտարազգի խաղացողների տոկոսային մասնաբաժինը – Մադրիդի «Ռեալ»-ի կազմի 65.2 տոկոսը կազմում են օտարազգի խաղացողները։






































