Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը պահանջում է, որ Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բասը հետ կանչվի հայրենիք։ Այս մասին այսօր հայտարարել է կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին։
Վերջինիս խոսքերով, վրաց ժողովրդի անունից կուսակցությունը համապատասխան նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Կոնգրեսի ու Պետդեպարտամենտի բոլոր անդամներին. «Ջոն Բասը պաշտոնապես վերածվել է արտակարգ ու լիազոր դատախազի։ Նա իր «գաղութը» տնօրինելուց բացի, հրահանգներ է արձակում միտինգների դաժան ցրման, մարդկանց սպանությունների ու քաղաքականության բոլոր հիմնական ուղղությունների մասին։
Նա այստեղ գտնվում է մարդկության թշնամիների՝ Բուշի, Դիկ Չեյնիի, ՄակՔեյնի առաջադրանքով՝ ապահովելու համար Սաակաշվիլիի խամաճիկային ռեժիմի տևականությունը»:
Հիշեցնենք, որ Ջոն Բասը Վրաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2009 թվականի հունիսին։