Հայաստանը իր հազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել, և եթե ամեն ինչ ստացվի, ապա իր պատմության մեջ առաջին անգամ կստանա այն։ Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով ընդդիմության այն թեզը, որ Հայաստանը Բրյուսելում ամեն ինչ զիջել է Ադրբեջանին, փոխարենը ոչինչ չի ստացել:
Վարչապետը նաև նշեց, որ եթե ամեն ինչ հաջողվի, ապա ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հարցով կընթանա ինստիտուցիոնալ բանակցային գործընթաց։
«Այո, այս պահին մենք ոչ մի բան չենք ստացել, շանս ենք ստացել, որ կարող ենք ստանալ ինչ-որ բան, բայց մենք շարունակում ենք մնալ այդ ռեժիմում՝ առանց «կադաստրի վկայականի»: Ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, ուզում ենք ունենալ «վկայական», որի անունն է պետություն, միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտցված սահմաններով»,- եզրափակեց Փաշինյանը։







































