
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը։
-Տիկին Բեգիջանյան, Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Հերցի Հալեվին հայտարարել է, որ առաջիկայում հնարավոր են բացասական զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների։ Իրանի միջուկային ծրագրի առաջընթացն, ըստ իրեն, աննախադեպ է, բացի այդ, Իսրայելի շուրջ կատարվող ցանկացած զարգացում, ցանկացած թշնամի, որին իրենք բախվում են, Հալեվի խոսքերով՝ այսպես թե այնպես կրում է Իրանի ազդեցությունը։ Ռեա՞լ եք համարում առաջիկայում Իրանի վրա հարվածը։
–Այդ սպառնալիքները նոր չեն։ Ժամանակ առ ժամանակ Իսրայելի կողմից նման հայտարարություններ են հնչում, ասում են՝ թիրախ են դարձնելու Իրանի միջուկային օբյեկտները։ Սակայն արևմտյան աղբյուրները շեշտում են, որ եթե անգամ նման հարձակումներ լինեն, ապա դրանք միջուկային օբյեկտները չեն վերացնի, քանի որ կան տեխնոլոգիաներ, համապատասխան գիտելիքներ։ Իրանական աղբյուրներն էլ նշում են, որ շատ օբյեկտներ լեռների խորքում են։ Այսինքն՝ անգամ ռումբերը կարող են նպատակին չհասնել։ Ուստի սպառնալիքներ միշտ կան, բայց իրականությունը մի փոքր այլ է։
Բացի այդ՝ ինչպես տարիբեր առիթներով նշել եմ՝ Իրանը բնականաբար կպատասխանի այդ հարվածներին և այդ պատասխանի դեպքում Իսրայելի փոքր տարածքը հաշվի առնելով, կարող ենք վստահաբար ասել, որ տուժողը հենց Իսրայելը կլինի։ Անշուշտ Իրանն ունի տարածաշրջանային ամենահզոր բանակներից մեկը՝ սեփական զենքերով, հետևաբար իր նպատակին կարող է հասնել։ Իսրայելն ավելի շատ վնաս կկրի այդ պատերազմից ու առճակատումից, քան Իրանը։ Շատ քիչ հավանական եմ համարում, ԱՄՆ-ն ուղիղ կմասնակցի այդ պատերազմին, նրան Աֆղանստան ու Իրաք պետք չէ։ Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգներն այդ քայլին գնա, հերթական սպառնալիքներն են։
-Կարծում եք՝ այս ծրագրերում Ադրբեջանն Իսրայելին կօգնի՞։
-Իսրայելը նպատակադրված էր, որ Ադրբեջանի ձեռքով դա անի, բայց Բաքուն չհամաձայնվեց, նահանջի քայլեր արեց։ Այժմ էլ տեսնում ենք, որ հակաիրանական գիծը որոշակիորեն մեղմվել է։ Ալիևը զգաց վտանգը։ Նա ունի ներքին շատ խնդիրներ, դրա համար անընդհատ դիմում է արկածախնդրությունների։ Հայաստանն իր համար շատ հարմար է ու կարողանում է ինչ-որ բաներ պարտադրել։ Նա որոշեց, որ Հայաստանն իր համար ավելի լավ թիրախ է՝ ուշադրությունը ներքին հարցերից շեղելու համար։
-Ստացվում է՝ ԱՄՆ-ից չկա համաձայնություն Իրանին հարվածելու, Ադրբեջանն էլ չի աջակցում ու Իսրայելն այս հարցի հետ մենակ է մնում։
-Իսրայելը միշտ էլ ասել է, որ ի զորու է մենակ էլ այդ քայլին։ Եթե քայլն անի ու բանը հասնի աջակցության անհրաժեշտությանը, ապա այդ դեպքում, բնականաբար ԱՄՆ-ն մենակ չի թողնի Իսրայելին, որի անվտանգության երաշխավորն է։
-Հայաստանը նման հեռանկարի դեպքում բարդ իրավիճակում է հայտնվում՝ մի կողմից բարեկամ Իրան, մյուս կողմից՝ ԱՄՆ։ Ի՞նչ հնարավորություններ կան մանևրելու։
-Մենք այդ դեպքում ավելի անպաշտպան կլինենք Ադրբեջանի ու Թուրքիայի հարցում։Եթե պատերազմը լուրջ բնույթ կրի՝ այդ սցենարը խիստ անցանկալի է Հայաստանի համար։