ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը ՀՀ նախագահի նստավայրի մոտ հանդիպեց սևազգեստ մայրերին և զինծառայողների մայրերին հրավիրեց պաշտպանության նախարարություն՝ քննարկելու սպանությունների գործերը. «Ես՝ որպես պաշտոնյա, սպա, քաղաքացի, բարոյապես պատասխանատվություն եմ կրում յուրաքանչյուր սպանության համար, բայց ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ բանակում սպանությունների դեպքերը անհամեմատ պակասել են՝ ի հակասություն մայրերի այն պնդումներին, թե ամեն օր սպանության մի նոր դեպք է գրանցվում, և սևազգեստ մայրերի թիվն ավելանում է»։ Փոխնախարարն ասաց, որ ծնողները ճշգրիտ տվյալների չեն տիրապետում:
Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ են սպանությունները ամենաշատը գրանցվում Ղարաբաղում, Գասպարյանը պատասխանեց, որ ինքը՝ որպես պաշտոնյա, կարող է ասել, որ Ղարաբաղում ամենալավ պատրաստված զորամասերն են` պարզաբանելով, որ լինում են ընդամենը ակնթարթային սպանություններ դիրքերում: Իր խոսքը եզրափակելով՝ Գասպարյանը բոլոր ծնողներին, որոնք այսօր հարյուրներ են, հրավիրեց իր գրասենյակ` ասելով. «Թող մեկ անգամ ևս ձեզ խաբեմ»։ Բայց ծնողներից միայն երկուսը ընդունեցին փոխնախարարի հրավերը, իսկ մնացած սևազգեստ մայրերը և ակտիվիստները շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք:








































