Ռուսաստան կատարած այցից առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել Московский Комсомолец-ին, որում անդրադարձ է կատարել «Արաբական գարնան» խնդրին.
«Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդները, ողջ ուժով պահանջելով ավելի մեծ անկախություն, ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանվածություն, հստակ ցույց տվեցին ապագային հույսով նայելու իրենց ձգտումը։ Մենք կարծում ենք, որ այս իրադարձությունները պետք է տեղի ունենային «Սառը պատերազմի» ավարտից հետո՝ 1990-ական թվականներին։
Փոփոխությունների քամին Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներ հասավ 20 տարի ուշացումով։ Տեղի ունեցած ժողովրդական ելույթները կոտրեցին ձևավորված այն կարծրատիպը, թե մեր տարածաշրջանում անհնար է ղեկավարման ժողովրդավարական ձևը, և ի ցույց դրեցին այդ ժողովուրդների ձգտումը՝ վերականգնելու իրենց ոտնահարված պատիվն ու արժանապատվությունը։
Ներկայիս փուլը շրջադարձային պահ է, որից հետո այլևս անհնար կլինի անցյալին վերադարձ կատարելը։ Այս գործընթացն իրենում ներառում է ինչպես մեծ հնարավորություններ, այնպես էլ շատ դժվարություններ։ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի իրադարձություններն ապացուցեցին, որ ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանվածությունն ու ժողովրդավարությունը չեն կարող մենաշնորհվել և ոչ մի խմբի կողմից։
Թուրքիան արաբական երկրների համար ծառայում է որպես ոգևորիչ օրինակ։ Դա այն երկիրն է, որի քաղաքացիների մեծ մասը մուսուլմաններ են, և որում համադրվել են ժողովրդավարությունը, արդիականացումն ու իսլամը։ Թուրքիան մշտապես պատրաստ է իր կուտակած ժողովրդավարական, պատմական, ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական զարգացման փորձը կիսել տարածաշրջանի երկրների հետ»։










































