«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Ասկերանի զորամասում, որտեղից խելագարության հասած վիճակում մոտ տասը օր առաջ` օգոստոսի վերջին, հոգեբուժարան են տեղափոխել 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանին, հրամանատարը չի կարողանում տիրապետել իրավիճակին. ցածր կարգապահության հետևանքով այս նույն զորամասում ուրիշ դեպքեր էլ են եղել և լինում:
Բայց մինչ դրանց անդրադառնալը` հիշեցնենք արդեն հանրությանը հայտնիները. «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային հասցեով ստացված ահազանգի հետքերով պարզվել էր, որ օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հ.Վարդանյանի հայրը` Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ էր ստացել որդու բանակային ընկերներից, ովքեր հայտնել էին, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում: Հոր պատմելով` մինչ այդ, զորամասից իրեն տեղեկացրել են, որ որդին սպայի հետ վիճել է: Դրանից հետո` 17 oր որդին կապի մեջ չի եղել, նրանից տեղեկություն չեն ունեցել: Հետո իմացել են, որ հոգեբուժարանում է, որտեղից էլ վաղաժամ զորացրել են ծառայությունից: Խելագարության հասած զինվորը պատմում է, որ «աֆիցեռները», որոնց մականունները կամ անունները տալիս է, ուզեցել են իրեն ծեծել և բռնաբարել: Իհարկե, նախաքննությունը դեռ պետք է պարզի դրանց հավաստիությունը, անձանց շրջանակը, սակայն ամենայն հավանականությամբ պատահական չէ, որ նախկին զինվորի մոտ որոշ մարդկանց անուններ և գործողություններ (կամ փորձ) տպավորվել են:
Նշենք նաև, որ միայն համընդհանուր աղմուկից հետո է քրգործ հարուցվել. ԶԼՄ-ներում Հովհաննես Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առթիվ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանազանցությունը): Հարուցված քրեական գործը կուղարկվի ՊՆ քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանում` նախաքննություն անցկացնելու համար: Այս մասին երեկ` սեպտեմբերի 7-ին, տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից:
Հենց երեկ էլ, վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ նույն զորամասի մարտական հենակետերից մեկում զինվորի մահվան դեպք է եղել: Սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա շարքային զինծառայող Հայկ Վասիլի Մկրտչյանը: Հայկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ նա մահացել է սեպտեմբերի 7-ին` համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցներից: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):
Հետաքրքիր է` այս զինվորի մահը, իսկ մյուսի ձերբակալությունը զուգադիպությո՞ւն է, թե՞ նրանք համացանցում տարածված տեսանյութի տուժած զինվորի հետ կատարվածի կարևոր վկաներից, գուցե տուժողներից են և զորամասից նրանց բացակայությունը` ցանկացած ձևով, անհրաժեշտություն էր, քանի որ աղմուկը կա, և քրգործի տակից այս պահին մի կերպ դուրս գալ է պետք: Բանն այն է, որ այս պաշտպանական շրջանում զինվորին խելագարության հասցնելու մի դեպք էլ է եղել. ս.թ. օգոստոսի 10-ին կալանավորվել է ժամկետային զինծառայող Կարեն Ավագյանը: Նա ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ ստորացրել է Ղևոնդ Օհանյանի պատիվն ու արժանապատվությունը, ծեծել` պատճառելով մարմնական միջին աստիճանի վնասվածքներ: Արդյունքում Ղևոնդը ստացել է հոգեկան հիվանդություն և վաղաժամկետ զորացրվել ՀՀ զինված ուժերից: Թե ինչպես է շարքայինի մոտ խմիչք հայտնվել` չհաջողվեց պարզել, բայց որ այստեղ առնվազն պաշտոնեական անփութության հանցակազմի առկայության կասկած կա, և զորամասի որոշ պատասխանատուներ էլ պետք ներգրավված լինեին քրգործում` ինչ-ինչ կարգավիճակներով, տրամաբանական է, բայց չկան: Միայն Ստեփանակերտի բնակիչ, ժամկետային զինծառայող Կարեն Ավագյանին է մեղադրանք առաջադրվել ՀՀ քր օրի 359 հոդվածի 3-րդ մասով. զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով, կամ զուգորդվել է բռնություն գործադրելով և առաջացրել ծանր հետևանքներ` պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով:
Այստեղ ուշագրավ է, թե ինչու է երկրորդ դեպքում նախաքննական մարմինը քրգործ հարուցել կանոնագրքային կանոնները խախտելու փաստով և արարքը որակել «ծանր», իսկ Հովհաննես Վարդանյանի դեպքում` 375 հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել` պատժվում են ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով): Մինչդեռ, խելագարության հասցնելու երկու դեպքում էլ գրեթե նույն իրավիճակն է, և այստեղ էլ արարքը պետք է որակվեր որպես ծանր հետևանք (2-րդ մասով), որը պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով:
Գուցե հենց այսպիսի դեպքերն են ստիպել նույն զորամասի ժամկետային զինծառայողներ Գևորգ Առաքելյանին և Համիկ Քոչարյանին ինքնակամ թողնել զորամասը և նույնիսկ տաքսու վարորդ Մարատ Պետրոսյանի կյանքի նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով, առանց ավտոմեքենան հափշտակելու նպատակի` վարորդին լեղապատառ քշել տալ Ստեփանակերտ: Նրանք այժմ մեղադրվում են ավազակության և տրանսպորտային միջոց փախցնելու մեջ: Բայց պարզվում է` սպաներն էլ ապահովագրված չեն այս զորամասում. պայմանագրային զինծառայող, 32-ամյա Էռնեստ Ապրեսյանը առանց հարգելի պատճառի չի ներկայացել զորամաս: Ինչո՞ւ են այս բոլոր դեպքերը գրեթե նույն ժամանակահատվածում կատարվել: Զուգադիպությո՞ւն է, թե՞ իսկապես այստեղ այլ բաներ էլ են կատարվել, որից բոլորը փորձել են դուրս պրծնել տարբեր ճանապարհներով ու միջոցներով. արդյունքում` ոմանք հայտնվել են հոգեբուժարանում, ոմանք դարձել են հանգուցյալ, ոմանք էլ այժմ կանգնած են դատարանի առջև:
Մնում է հարցնել` սա բանա՞կ է, թե՞ բարդակ է: Ո՞վ է այս պաշտպանական շրջանի հրամանատարը, որը չի կարողանում տիրապետել իրավիճակին: Ինչո՞ւ են գլխավոր շտաբում անգործ նստել ու սպասում: Մեր տեղեկություններով, մոտ 1,5 ամիս առաջ այս պաշտպանական շրջանի հրամանատար է նշանակվել Աշոտ Աղաջանյանը: Նա Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալից դարձել է հրամանատար: Ավելի վաղ եղել է Հորադիզի դիվիզիոնում, որտեղից բերել են Ասկերան, նշանակվել է զորամասի հրամանատարի` Ալեքսանդր Գրիգորյանի տեղակալ, այնուհետև` հրամանատարի պաշտոնակատար, և վերջերս էլ` հրամանատար: Բայց թե ինչու նրա լիազորությունները ժամանակավորապես չեն կասեցնում վերոնշյալ և հատկապես վերջին դեպքերից հետո (մինչև նախաքննության ավարտը), հասկանալի չէ: Նա առնվազն ծառայողական անփութություն է դրսևորել: Եթե չեն կասեցնում, ուրեմն ժամանակն է գտնել հովանավորներին` այս և բոլոր այն զորամասերի, որտեղ շարունակում են թուրքի պես հոշոտել հայ երիտասարդներին ու մնում անպատիժ:
Ի դեպ, այս զորամասի առաջին հրամանատարը 1992-ին եղել է պատերազմի մասնակից Վիտալի Բալասանյանը, այնուհետև (1997-1999) ԼՂՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, այժմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը: Ավելի ուշ` մինչև 2008-ը` Արթուր Հարությունյանը (ներկայում` Ասկերանի փրկարար ծառայության տնօրենը), Ալեքսանդր Գրիգորյանը (այլ դիվիզիա է տեղափոխվել), այժմ` Աշոտ Աղաջանյանը:










































