Սպիտակ տանը անարդյունավետ է ավարտվել նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Քևին Մըքքարթիի, Սենատի դեմոկրատ նախագահի և Սենատի հանրապետական խմբակցության ղեկավարի հետ: Հանրապետականները չեն համաձայնել պետական պարտքի թույլատրելի շեմն ավելացնելու Սպիտակ տան դիմումին, ինչի հետևանքով ԱՄՆ կանգնած է դեֆոլտի ռիսկի առաջ: Եթե մինչև հունիս հարցը չլուծվի և Կոնգրեսն ու Սպիտակ տունը, իսկ ավելի կոնկրետ՝ Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնությունն ու Սպիտակ տունը չգան համաձայնության, ԱՄՆ կառավարությունը չի կարողանա վճարել իր ծախսերը: Հանրապետականները դեֆոլտից խուսափելու համաձայնություն տալու համար կառավարությունից պահանջում են նվազեցնել պետական ծախսերը: Սպիտակ տունը համաձայն չէ:
Տեղի ունեցած անարդյունավետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Բայդենը իհարկե արտահայտվել է լավատեսորեն, ասելով, որ ինքը քննարկումները համարում է հուսադրող և նշելով, որ դեֆոլտ չի լինի, ԱՄՆ կառավարությունը չի դառնա անվճարունակ: Բայդենն այդ ազդակը հղել է իհարկե թե արտաքին, թե ներքին տնտեսական խաղացողների սպասումները կառավարելու համար: Այդուհանդերձ, չնայած իրապես շատ բարդ ու դժվար է հավատալ ԱՄՆ դեֆոլտին և պետական անվճարունակությանը, բայց համենայն դեպս ներկայիս դրությամբ առկա է դրա ռիսկը և չկա համաձայնություն: Իրավիճակը ավելի սրում է և այն, որ փաստացի մեկնարկել է նախագահի 2024 թվականի ընտրարշավը, ինչը նշանակում է, որ հանրապետականները կանեն առավելագույնը՝ դեմոկրատական վարչակազմի կյանքը բարդացնելու համար: Տեսականում, եթե դիտարկենք դեֆոլտի տարբերակը, ապա թերևս դրան կհաջորդի նախագահ Բայդենի հրաժարականը՝ ըստ քաղաքական տրամաբանության: Իսկ դա կլինի ոչ միայն Բայդենի, այլ գործնականում դեմոկրատական կուսակցության տապալումը, դրանից բխող ներքաղաքական հետևանքով:
Մյուս կողմից, դեֆոլտը գործնականում հարվածելու է բոլորին, քանի որ բարդություն է առաջացնելու ամերիկյան ամբողջ տնտեսության համար: Հետևաբար, հազիվ թե Հանրապետականները լինեն դեմոկրատներին այդ հարվածը հասցնելու գործում շահագրգռված: Հանրապետականներն իհարկե կփորձեն Կոնգրեսի համաձայնության դիմաց առավելագույնս մեծ գին կորզել Բայդենի վարչակազմից:Ամերիկյան ներքին այդ պատմությունը սակայն բոխտորոշ նշանակություն ունի միջազգային իրողությունների համար, ինչի պատճառը այն ահռելի դերն ու ազդեցությունն է, որ ԱՄՆ ունի թե տնտեսական-ֆինանսական, թե քաղաքական հարցերում: Դեֆոլրտը հարվածելու է դոլարին, իսկ դա իր հերթին հարվածելու է համաշխարհային ամբողջ տնտեսությանը, որիգերակշռող մասը շարուակում է լինել դոլարային գոտում: Միաժամանակ, այդ հանգամանքը իր հերթին առաջացնելու է թե ֆինանսատնտեսական, թե քաղաքական էական տատանումների շղթա, որն էլ իր հետևանքն է թողնելու նաև քաղաքական զգայուն գոտիների վրա: Այդ իմաստով, Հայաստանն անշուշտ պետք է լինի այն կողմերի շարքում,որոնք շահագրգռված են ամերիկյան ներտնտեսական և ներքաղաքական կայունության հարցում: Միևնույն ժամանակ սակայն, Հայաստանի համար չափազանց կարևոր է լինել պատրաստ և ձևավորել անվտանգության անհրաժեշտ բարձիկներ՝ արտաքին տնտեսական այդ շոկերի հնարավոր ռիսկի հանդեպ:









































