Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի անդրատլանտյան կենտրոնում ունեցած ելույթում խոսել է նաև այն մասին, որ Հայաստանի խորհրդարանում նկատվում է ընդդիմություն-մեծամասնության փոխհարաբերության կառուցողականության միտում: «Վերջերս ես շատ կարևոր հայտարարություններ արեցի մեր խորհրդարանում, տեսա, որ ընդդիմությունը լսեց իմ ուղերձները։ Իմիջայլոց, սա հաջողություն է մեր խորհրդարանի համար, քանի որ անցյալ տարի անգամ չէին լսում, ականջալուր չէին լինում, ինչ-որ բան էին շպրտում, չգիտեմ, կռվում էին բռունցքներով, ձեռքերով։ Դա էլ է մարտահրավեր մեր ժողովրդավարության համար, որ կարողանանք պատշաճ մթնոլորտ ձևավորել՝ ունենալու համար տրամաբանական քննարկումներ։ Դա չի նշանակում, որ դրանք չպետք է թեժ լինեն, բայց ընդհանուր առմամբ մենք սկսել ենք միմյանց ականջալուր լինել, միմյանց լսել։ Հույս ունեմ՝ դա զուտ պատահականություն չէ, դա նոր մշակույթի սկիզբ է»,-հայտարարել է Փաշինյանը:
Սա կարևոր արձանագրում է, հատկապես ներկայումս արտաքին տիրույթում Հայաստանի համար ծավալվող բավականին դինամիկ և բարդ, հնարավորություններ, բայց նաև մարտահրավերներ պարունակող իրադրության պայմաններում:
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը հենց այդ հաշվարկով է նաև արտաքին ամբիոնից «բարձրացնում» ընդդիմության կշիռը, քանի որ Հայաստանը դրա միջոցով է, որ պետք է կարողանա ապահովել հնարավորությունների և մարտահրավերների հնարավորինս անվտանգ և շահեկան հաշվեկշիռ:
Միաժամանակ, պետք է հույս ունենալ, որ դա էլ իր հերթին զուտ մեկ ելույթի ընթացքում կիրառվող քարոզչական տեխնոլոգիա չէ, այլ քաղաքական մոտեցման և փիլիսոփայության դրսևորում, որտեղ քաղաքական ղեկավարությունը գիտակցում է երկրում քաղաքական երկխոսության կառուցողականության համար իր առաջնային պատասխանատվությունը, և այդ հանգամանքի կարևորությունը հասարակական-պետական օրգանիզմի արտաքին կենսունակության համար: Իհարկե այստեղ ունենալ պատրանք, թե հայաստանյան քաղաքականությունը մտել է ստերիլացման ու բյուրեղացման շրջափուլ, կլինի խիստ միամիտ մոլորություն:
Գործնականում, շատ բարդ է պատկերացնել, որ Հայաստանի խորհրդարանի ներկայիս ընդդիմություն-մեծամասնություն հարաբերակցության, «նախկին-ներկա» բանաձևի գործածության պայմաններում հնարավոր է գալ կայուն կառուցողականության շրջաննակում քաղաքական, թեկուզ թեժ պայքարի տիրույթ: Ի վերջո, այդ բանաձևը աշխատում է հենց «էպատաժային», «տեսարանային» մոդելի տրամաբանությամբ, ու դրա չլինելու պարագայում՝ պարզապես չի աշխատի ոչինչ: Այդ դեպքում կառաջանա հարց, թե ի՞նչն է փոխարինելու այդ ոչնչին: Պատասխանը դարձյալ մխիթարական չէ՝ գործնականում ոչինչ: Այստեղ է, որ քաղաքական բովանդակության, քաղաքական մշակույթի արդիականացման համար հայեցակարգային գործողությունները պահանջում են բոլորովին այլ բանաձևերի և մոդելների ներդրում հայաստանյան քաղաքական դաշտ, և պետության պատասխանատվությունը պետք է դրսևորվի այդ տիրույթում: Խոսքն այն մասին չէ իհարկե, որ չպետք է լինի աշխատանք հենց ներկայիս խորհրդարանական ստատուս-քվոյի կառուցողականության ուղղությամբ: Պետք է այդ ջանքը, մի շարք պատճառներով: Սակայն, բուն խոսքն այն մասին է, որ այդ տիրույթը մեծ հաշվով չունի երկարաժամկետ հեռանկարի բավարար ներուժ, ըստ այդմ՝ այդ տիրույթում աշխատելով կարճաժամկետ էֆեկտի ուղղությամբ, Հայաստանի հասարակական-քաղաքական օրգանիզմի արդիականացման և պետական կենսունակության բարձրացման ավելի երկարաժամկետ էֆեկտը պահանջում է գործողություններ այլ ուղղություններով: Այստեղ է քաղաքական ղեկավարության գլխավոր մարտահրավերը, որովհետև ներկայիս գոյություն ունեցող մոդելը իր «տեսարանային» տրամաբանությամբ այդուհանդերձ գոյություն ունեցող մեծամասնության «քաղաքական» սնուցման միակ աղբյուրն է:











































