«Կարծում եմ, որ շատ տեղին չէ, եթե ուրիշ բառ չգործածենք, բոլորովին տեղին չէ փաստաթղթերի օրինականությունը վկայակոչելը, որովհետև այդ ջրվեժը չի տեսել այսօրվա մարզպետը, այդ ջրվեժը չի տեսել հանրապետության վարչապետը, այն չի տեսել հանրապետության նախագահը և էկոլոգիայի նախարարը նույնպես»,- մեկնաբանելով Մեծ Պարնի գյուղի տարածքում գտնվող Թռչկան ջրվեժին սպառնացող վտանգը ու դրա վերացման հաշվին հիդրոէլեկտրակայան կառուցելու որոշման օրինականությունը` «Առաջին լրատվական»-ին տված բացառիկ ահազանգ-կոչում ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Վերջինս դեռ մի քանի շաբաթ առաջ էր ահազանգել Թռչկանին սպառնացող վտանգի մասին:
Հիշեցնենք, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել էր տեսչական ուսումնասիրություն անցկացնել խնդրի առթիվ, որը, սակայն, պարզել էր, որ հիդրոէլեկտրակայանի կառուցման համար առկա են բոլոր օրինական փաստաթղթերը:
«Այս բողոքը, որ ներկայացվում է, ջրվեժը կուլ չտալու համար կամ կուլ տալու դեմ, չի նշանակում, թե մենք փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցելուն դեմ ենք: Ոչ, այդպիսի բան չկա: Եթե այդքան ծախս է արվում, որ ջրվեժը մտնի խողովակների մեջ ու անհետանա երկրի մակերևույթից, ներդրումները մի փոքր ավելացնելով՝ կարող են հիանալի հիդրոէլեկտրակայան կառուցել»,- պարզաբանեց բանաստեղծը` ընդգծելով, որ այդ «փոքրիկ ներդրումը» չանելու համար չի կարելի ջրվեժը խցկել խողովակների մեջ, կտրել ջրվեժի մռունչը` իրենց համար շահ ապահովելու համար:
Ռ. Դավոյանի խոսքով` ինքն իր բողոքը հասցեագրում է վարչապետին, որ նա գնա ու ինքն իր աչքով տեսնի` ինչ է կատարվում, և եթե անգամ նա էլ բան չձեռնարկի, պետք է իր բողոքը հասցնի նախագահ Սերժ Սարգսյանին:
Բանաստեղծը կոչ արեց բոլոր շահագրգիռ անձանց միանալ իր բողոքին:











































