Ուրբաթ առավոտյան դոլարի արժեքը մյուս հիմնական արժույթների համեմատ, ներառյալ եվրոն և իենը, իջել է, վկայում են աճուրդների տվյալները։ ԱՄՆ-ում գնաճի դանդաղման մասին վիճակագրությունը նպաստել է այն սպասմանը, որ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) կարող է թուլացնել մոնետար քաղաքականությունը և ավարտել տոկոսադրույքի բարձրացման ցիկլը։ Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ բարձրացել է՝ 1,107 դոլար, անցած աճուրդների ամփոփման 1,1 044 դոլարի դիմաց, դոլարի փոխարժեքը իենի նկատմամբ իջել է՝ 132,38 (132,56-ի դիմաց)։ Դոլարի ինդեքսը (փոխարժեքը ԱՄՆ առևտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) իջել է 0,18 տոկոսով՝ 100,83 կետ։
Շուկան 32.8% հավանականություն է գնահատում, որ մայիսի 5-ի հանդիպմանը տոկոսադրույքը նույն է մնալու, 67.2%-ը կարծում է, որ 0.25 տոկոսային կետով բարձրացնելու են այն:
tvyal.com կազմակերպության ղեկավար, Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչու է արժեզրկվում դոլարը. «Դոլարը համաշխարհային արժույթ է և ԿԲ-ներն իրենց արտարժույթի մեծ մասը հիմնականում պահում են դոլարով՝ որպես պահուստային արժույթ: Սակայն վերջին զարգացումներից հետո որոշ պետություններ նախընտրում են ձերբազատվել դոլարից: Օրինակ՝ Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիան և Հարավային Աֆրիկան պայմանագրեր են կնքել, որ իրենց առևտուրը պետք է կատարվի յուանով։
Այսինքն՝ իրենց ներքին նավթամթերքի առևտուրը պետք է իրականացվի յուանով։ Սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ԱՄՆ-ն դոլարն օգտագործում է որպես քաղաքական զենք որոշ պետությունների զսպելու համար, և այլ խոշոր պետությունները այլ տարբերակներ են գտնում»,-ասաց Թավադյանը:
Տնտեսագետը նկատեց, որ ավանդականորեն ՀՀ արժույթը միշտ շատ կայուն է եղել դոլարի հանդեպ, սակայն իրականում Հայաստան-ԱՄՆ ապրանքաշրջանառությունն այնքան մեծ չէ, երկրորդ՝ մենք նավթ չենք արտահանում և երրորդ՝ մենք չունենք համաշխարհային հայտնի խոշոր բանկային համակարգ։
«Դրա համար պետք չէ շատ անհանգստանալ, որ դոլարի փոխարժեքի անկումը կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր պետության վրա: Զուտ այն տեսանկյունից կարելի է անհանգստանալ, որ ՀՀ ձեռնարկատերերը սովոր են փողը պահել դոլարով: Մենք գտնվում ենք Հայաստանում և եթե միջազգային առևտրի մասնակից չէ տվյալ անձը, իմաստ չունի, որ նա խնայողությունը պահի դոլարով։
Երկրորդ՝ ՀՀ-ի համար ոչ այնքան վտանգավոր է դոլարի փոխարժեքի անկումը, որքան Ռուսաստանում փոխարժեքի անկումը, որովհետև մեր առևտրաշրջանառության մոտ 40 տոկոսը Ռուսաստանի հետ է, և ռուբլու փոխարժեքի անկումը կարող է ավելի լուրջ ազդեցություն ունենալ արտադրողների վրա։ Իսկ դոլարի փոխարժեքի անկումը զուտ հոգեբանական ազդեցություն ունի, քանի որ ՀՀ շուկայի խաղացողները սովոր են խնայողությունները պահել դոլարով»,-ընդգծեց Աղասի Թավադյանը:
Անդրադառնալով համաշխարհային շուկայում դոլարի փոխարժեքի անկմանը, նա ընդգծեց, որ այս պահին պարզապես խուճապային վիճակում է միջազգային շուկան. «Վերջին օրերին համաշխարհային մեծ պետությունները դոլարային առևտրից կամաց-կամաց հրաժարվում են, սակայն սա ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում։ Չինական յուանը, որով առևտուր է իրականացնում պետությունը, ինքնին կցված է դոլարին, ինչը նշանակում է, որ չի կարող դոլարը անկում ապրել, քանի որ դոլարը կցված է յուանին։ Այսինքն՝ կարող ենք գնահատել սա որպես կարճաժամկետ խուճապ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ և ՀՀ վերաֆինանսավորման տոկոսաադրույքին, ԱՄՆ շուկան ակնկալում է, որ ֆեդերալ ռեզերվը բարձրացնելու է իր բանկային տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով։ Խնդիրներ կան գնաճի հետ կապված։ Շուկան կանխատեսում է, որ փոխարժեքը պետք է իջնի ամռան կեսերից, իսկ սա նշանակում է, որ մեր վերաֆինանսավորման տոկոսադրույքը շարունակելու է այսպիսի աննախադեպ բարձր վիճակում մնալ՝ 11,75 տոկոս, և մոտակա մեկ-երկու ամիսներին, ամենայն հավանականությամբ, չի իջնի»:
Աղասի Թավադյանը նաև նկատեց, որ Հայաստանն ունի բավականին զարգացած և կայուն բանկային համակարգ, հետևաբար ինքը խորհուրդ է տալիս խնայողությունները պահել դրամով և ՀՀ բանկերում:










































