Ապրիլի 13-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:
Ի թիվս այլ հարցերի, Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե ձևաչափը սպառել է իրեն.«Կարծում եմ, որ մենք չենք կարող առաջնորդվել ադրբեջանական պնդումներով՝ առավել ևս հաշվի առնելով փաստը, որ շատ հաճախ տարբեր թեմաների առնչությամբ ադրբեջանական զանազան պնդումներն իրենք իրենց ներսում հակասություններ ունեն: Ավելին ասեմ, Ադրբեջանը պնդում է, որ ոչ միայն Մինսկի խումբն այլևս գոյություն չունի, այլև Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն չունի, ընդհանրապես այդ կոնտեքստում հարց չկա, որը ենթակա է հասցեագրման, միջազգային քննարկման, լուծման և այլն: Փաստն այն է, որ ԵԱՀԿ անդամ որևէ երկիր միայնակ չի կարող վերջ դնել մի մեխանիզմի, մի ինստիտուտի, մի որոշման, որի հիմնադրման շուրջ միակարծիք են եղել բոլոր անդամ երկրները և որը հիմնադրվել է, ըստ էության, բոլոր անդամ երկրների կողմից:
Մինսկի գործընթացը, Մինսկի ձևաչափը գոյություն ունի, այլ բան, որ բազմաթիվ պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, համանախագահության գործունեությունն այս պահին սառեցված է: Ես վստահ եմ, որ Մինսկի գործընթացը և Մինսկի կոնֆերանսը, որի մասին ի սկզբանե եղել է, դեռ իր անելիքն ունի և դերակատարումն ունի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման գործում: Եվ առհասարակ նաև ԵԱՀԿ-ն անելիք ունի, որովհետև ոչ միայն Մինսկի գործընթացի, այլ նաև մյուս ինստիտուտների, օրինակ՝ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա ունեցած մանդատի ու նրա հնարավորությունների գործադրման մասին է խոսքը: Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ն իր անելիքն ունի: Նաև փաստահավաք առաքելության մասին խոսեցինք, որը դեկտեմբերին էր գործուղվել տարածաշրջան, այնպես որ, ինչպես դասականը կասեր, այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը միջազգայնորեն, ՄԱԿ մանդատով օժտված միակ ձևաչափն է, որը կարող է զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Սարգսյանի խոսքերով՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի ձևաչափը գործարկելու համար, քանի որ այս պահին այլ մեխանիմզներ չկան.«Եվ չմոռանանք, որ ձևաչափը չեղարկելը հենց Ադրբեջանի, նաև Ռուսաստանի պահանջն է, և դա մեր շահերից չի բխում։ ԵԱՀԿ շրջանակներում է, որ տարածաշրջան կարող են գալ միջազգային դիտորդներ՝ այդ թվում նաև զինված և նա միակն է, որ կարող է ունենալ միակ հրամանատարի հաստիք։ Ուստի պետք է պահանջենք, որ ձևաչափը գործի, չպահանջելն է քրեական սխալ։ Ձևաչափն իրավաբանորեն չի չեղարկվել, ուստի պետք է փորձենք հնարավոր դրական արդյունքները քաղել»,-նկատեց նա։
Մեր այն դիտարկմանը, որ Ռուսաստան-արևմուտք առճակատման պայմաններում ձևաչափը չի աշխատում և դեռ հայտնի չէ, թե տվյալ իրավիճակն ինչքան կշարունակվի, արդյոք Հայաստանը պետք է շարունակի այդ մեխանիզմից կառչած մնալ, Սարգսյանն արձագանքեց.«Աշխատանքը ժամանակավորապես սառեցված է, բայց ոչ թե այն պատճառով, որ այն չի համապատասխանում մեր անվտանգության պահանջներին, այլ որովհետև Ռուսաստանը ռազմական հանցագործ է, իրեն հարգող ոչ մի հարգող դիվանագետ Ռուսաստանի հետ չի աշխատի։ Հենց այս ամենը վերջանա, կվերադառնանք աշխատանքներին։ Նույնն է, որ աշխատող ավտոմեքենա ունենաս, անվադողերից մեկը վնասված լինի… այդ դեպքում պետք է նոր անվադող փնտրել, ոչ թե մեքենան դեն նետել»,-եզրափակեց նա։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համարում է, որ Մինսկի խումբը կենսունակ ձևաչափ է և Հայաստանը պետք է անի ամեն ինչ այն գործարկելու համար.«Այլապես կմնանք ռուսական կրնկի տակ ու կգոլորշիանանք։ Ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անենք ձևաչափն աշխատեցնելու համար, մեր շահերի սպասարկումն այնտեղ է։ Մնացածը Լավրովի պլանն է, որ նախատեսում է Հայաստանի վերջը։ Համաձայն եմ Միրզոյանի գնահատականների հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ Մինսկի խմբի կազմալուծում կցանկանային Հայաստանի ռևանշիստներն ու ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան.«Մինսկի խումբը հիվանդ է, բայց մեռած չէ։ Մենք պետք է մեր բարեկամներին էլ շարժենք, մի քիչ համարձակ պետք է աշխատենք։ Չէ՞ որ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները մեր բարեկամներ ամերիկացիներն ու ֆրանսիացիներն են։ Ըստ էության՝ համանախագահներից երկուսը բարյացակամ են, մեկը՝ թշնամի»,-եզրափակեց նա։









































