Հայաստան է այցելել Կովկասի հարցերի գլխավոր բանակցող, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Լ. Բոնոն: Նրա այցը հաջորդում է Տեղի միջադեպին, միանգամից առաջացնելով հարց, թե կլինե՞ր արդյոք այցը, եթե չլիներ միջադեպը Տեղում: Մյուս կողմից, Միացյալ Նահանգների աշխուժությունը և ինտենսիվությունը նոր չէ, հետևաբար ամերիկացի դիվանագետի այցը անկասկած տեղավորվում է այդ աշխուժության շրջանակում և թերևս լայն իմաստով առնվազն փորձ է հակակշռել այն աշխուժությանը, որ վերջին շաբաթներին նկատելի է Մոսկվայի գործողություններում:
Ավելին, վերջին շաբաթներին ավելի ու ավելի տեսանելի էր դառնում Մոսկվայում հայ-ադրբեջանական արտգործնախարարական հանդիպման կազմակերպման բարձր հավանականությունը, իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան երկու օր առաջ հայտնել էր, որ կա համաձայնություն, բայց պաշտոնապես կհայտարարվի՝ վերջնական հստակեցումից հետո: Այդ ֆոնին ռեգիոն է ժամանում Լուիս Լ. Բոնոն, ըստ ամենայնի վաշինգտոնյան հարթակի «շահերի» պաշտպանության համար:
Տևական ժամանակ է, ինչ ԱՄՆ թե պետքարտուղար Բլինքենի, թե պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդի մակարդակով պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, արտգործնախարարների հետ: Վաշինգտոնը չի ցանկանում հետ մնալ Մոսկվայից, կամ առնվազն կորցնել «թելը»: Ավելին, դրան զուգահեռ, ապրիլին ռեգիոնալ այց կատարելու մասին է ազդարարել Ֆրանսիայի արտգործնախարարը: Ուշադրության է արժանի այն, որ մինչ Ֆրանսիայի արտգործնախարար Կոլոնայի այցը Կովկաս, տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այցը Չինաստան, որտեղ ոչ միայն հանդիպում եղավ Պեկին-Փարիզ, այլ նաև Փարիզ-Թեհրան ձևաչափով՝ արտգործնախարարներ Կոլոնայի և Աբդոլլահիանի միջև: Ավելին, ուշադրության է արժանի այն, որ չինական այցի ընթացքում Մակրոնը Սի Ցզինպինին խնդրել էր ազդել Ռուսաստանի վրա, իսկ դրան ի պատասխան էլ Պեկինը Փարիզին հորդորել էր ներկայացնել կարգավորման իր պլանը: Թե ինչպիսին են Ֆրանսիայի մոտեցումները, հայտնի է, որոնք սակայն անզոր գտնվեցին ամերիկա-բրիտանական ռազմավարության հանդեպ, որն ավելի կոշտ էր ու անզիջում: Ֆրանսիան փաստացի փորձում էր ստանալ հզոր աջակցություն Չինաստանից:
Հնարավոր է, որ Սի Ցզինպինը «տնային աշխատանք» է հանձնարարել Մակրոնին և այդ համատեքստում ուշադրության արժանի է դառնում Չինաստանում Իրանի արտգործնախարարի հետ Կատրին Կոլոնայի հանդիպումը՝ Կովկաս այցից առաջ, ինչպես նաև Չինաստանից հետո Մակրոնի հարցազրույցը ֆրանսիական մամուլին և հայտարարությունը, թե Եվրոպան պետք է վարի ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն: Իհարկե նա խոսել էր նաև Չինաստանից անկախ քաղաքականության մասին, սակայն անկասկած է, որ Պեկին այցից հետո արվող այդ հայտարարության «մեխը» ԱՄՆ-ից անկախությունն էր, քանի որ ներկայումս հենց դա է Եվրոպայի համար հրամայականը: Այդ պրոցեսները խտանում են նաև Կովկասում և առաջիկա շաբաթները ըստ էության լինելու են ինտենսիվ շարժի շաբաթներ, որոնք մի կողմից սրելով դիվանագիտական-քաղաքական մրցակցությունը, մյուս կողմից նաև այդպիսով բավականին սրում են հնարավոր սադրանքների հավանականությունը, քանի որ աշխարհաքաղաքական բևեռների այդ սուր մրցակցության պայմաններում սադրանքները կարող են դառնալ ամենապահանջված և սպառվող «ապրանքներից» մեկը:











































