«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։
– ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է տարածաշրջան ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահին։ Միրզոյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ձևաչափը գոյություն ունի, այլ բան որ բազմաթիվ պատճառներով սառեցված է աշխատանքը։ Կարծում եք մենք դեռ պետք է շարունակե՞նք ապավինել այդ ձևաչափին, հղումներ անել Մինսկի խմբի որոշումներին, երբ այն չի աշխատում, այլ մեխանիզմների կարիք չկա՞։
-Եթե Մինսկի խմբի համանախագահությունը «ողջ» լիներ, Ադրբեջանը պատերազմ չէր սկսի։ Այս փուլում ԵԱՀԿ՝ որպես միջազգային կառույցի, ապագան է անորոշ։ Եվրոպայում պատերազմ է, ի՞նչ ԵԱՀԿ։ Վաղն այդ կազմակերպությունը գուցե չի լինելու, ինչի՞ց և ինչու՞ ենք կառչում։ Աշխարհը խոսում է ՄԱԿ-ի հնարավոր վերափոխումներից, իսկ մենք դարձյալ «ժամանա՞կ ենք ձգում»։ Հայաստանը, սա մի անգամ էլ եմ ասել, պետք է ձևակերպի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման իր պատկերացումը և հրապարակի։ Տեսանելի ապագայում որևէ միջազգային մեխանիզմ չի լինելու։ Վախենամ, թե նման մի «հարթակ» ստեղծվի, բայց ոչ թե լուծումներ առաջարկելու, այլ՝ եղածը-կատարվածը ֆորմալ տեսքի բերելու համար։ Չկա իրավիճակի խորքային ընկալում։ Մեզ համար ամենավտանգավորը դա է։
-Վարչապետն օրերս խորհրդարանում խոսելով մադրիդյան սկզբունքների մասին հայտարարեց, որ այն նախատեսում էր Ղարաբաղի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում։ Կան հակադարձումներ, որ եթե մադրիդյան սկզբունքները կյանքի կոչվեին, չէր լինի պատերազմն, իսկ ապագայում Արցախն ինքնորոշվելու իրավունք էր ունենալու։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, առհասարակ իմաստ ունի՞ հիմա քննարկել անցյալի բանակցությունները, ներկայի ռազմավարությունը ներկայացնելու փոխարեն։
– Ես Փաշինյանին ուշադիր լսել եմ, նա նման ընդհանրացում չի արել։ Ասել է, որ մադրիդյան սկզբունքներով Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, որ պետք է իրացներ ինքնորոշման իրավունքը՝ Ադրբեջանի հետ համաձայնեցված ընթացակարգերով։ Քաղաքական փաթեթավորը մի կողմ թողած՝ Նիկոլ Փաշինյանի այդ գնահատականը ճիշտ է։ Ես նրա խոսքի քաղաքական փաթեթավորումը մի կողմ եմ թողնում։
-ԱԽ քարտուղարը հայտարարում է, որ Հայաստանն արտաքին վեկտորի փոփոխության չի գնում, անվտանգային երաշխիքների փնտրտուքի մեջ է։ Կարծում եք ռեա՞լ է այս արտաքին կողմնորոշման պայմաններում անվտանգային այլ երաշխիքներ ակնկալել, այստեղ նկատի չունեմ ականջահաճո կոչերը, բանաձևերը, դատապարտումները։
– Եթե զուտ տեսականորեն դատենք, ապա վեկտորի փոփոխությունը, կարծում եմ, ավելի հասկանալի, գուցե թե՝ նաև ընդունելի կլիներ, քան՝ անվտանգության երաշխիքների հարափոփոխ փնտրտուքը։ Դա լուրջ չէ, երբ գրեթե բաց տեքստով ասվում է, որ կլինենք այնտեղ, որտեղ մեզ անվտանգություն եւ «քաղցր կաթով սուրճ» կտան։ Ոչ ոք էլ չի տա։ Անվտանգությունը բխում է երկրի կայացածությունից, նրա էլիտայի ադեկվատությունից։
-Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր կարգավիճակի նշաձողի իջեցման մասին նշում էր, որ եթե Հայաստանը գնա դրան կստանա միջազգային հանրության աջակցությունը։ Կա՞ այսօր այդ միջազգային հանրության աջակցությունը, երբ իշխանության ներկայացուցիչների ելույթներից տպավորություն է, որ նշաձողն իջեցված է և խոսք է գնալու ընդամենը ինքնավարության ինչ-որ աստիճանի մասին։
-Միջազգային հանրությունը «բարի քեռի» չէ, որ Արցախին ինքնիշխանություն տա։ Ընդ որում, հստակ չէ, թե «քանի՞ դիվիզիա ունի» միջազգային հանրություն կոչվածը։ Ես բազմիցս եմ ասել, կրկնեմ․ Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության և կարգավիճակի հարցը կարող է որևէ լուծում գտնել միայն Ռուսաստանի միջնորդությամբ և Ստեփանակերտի ադեկվատ մասնակցությամբ։





































