Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մասնակցելու է սեպտեմբերի 7-8-ը Յարոսլավլում տեղի ունենալիք Գլոբալ քաղաքական ֆորումին։
Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Գյուլը քննարկելու է երկու երկրների փոխհարաբերությունները ռազմավարական նոր մակարդակի հասցնելու հարցը և մի շարք այլ խնդիրներ՝ երկու երկրների միջև գործող առանց անցագրի ռեժիմի ժամկետը մեկ ամսից մինչև երկու ամիս երկարաձգելը, Թուրքիայի միջերկրածովյան Աքքույու վայրում Ռուսաստանի կողմից կառուցվելիք թուրքական առաջին ատոմակայանին առնչվող վերջին զարգացումները, առաջիկա 5 տարիների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելը, «Սամսուն-Ջեյհան» նավթամուղի կառուցմանն առնչվող խնդիրներ, ռուսական «Հարավային Հոսք» գազամուղի կառուցման վերաբերյալ Թուրքիայի թույլտվությանն առնչվող խնդիրներ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Իրանի միջուկային ծրագիրը, Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի, Եգիպտոսի ու Սիրիայի վերջին զարգացումները և, վերջապես, «Արաբական գարնան» հետ կապված իրավիճակը։