Հայաստանի վարչապետը անդրադառնալով Լաչինի միջանցքում նախօրեին տեղի ունեցած հերթական սադրիչ միջադեպին, հերթական անգամ խոսել է միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին և հայտարարել նաև, որ Հայաստանը տուրք չի տա ռեգիոնը պայթեցնելու նպատակ ունեցող ուժերի սադրանքներին և հետևողականորեն գնալու է խաղաղության օրակարգով: Երևանի դիվանագիտական այդ հռետորաբանությունը հասկանալի է: Անհասկանալի կլինի, եթե դրա ներքո լինի նաև համոզում, թե ռեգիոնը պայթեցնել-չպայթեցնելը կախված է լինելու նրանից, թե ինչի հետևից է գնում Հայաստանը՝ խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի օրակարգի:
Իհարկե այս հարցադրումը բոլորովին չի նշանակում, որ Հայաստանը պետք է վերանայի խաղաղության օրակարգի հետևից գնալու իր դիվանագիտական ուղենիշները: Ամենևին, բայց նաև Հայաստանը չպետք է վայրկյան իսկ ունենա պատրանք, և ենթադրվում է՝ որ չունի, համենայն դեպս իրավիճակի գնահատման քաղաքական համարժեքության կանխավարկածի պարագայում, որ գործնական առումով պատերազմի ու խաղաղության հարցում Հայաստանից կախված է քիչ բան: Եվ, այդպես է եղել մեծ հաշվով միշտ, ամբողջ հետխորհրդային շրջանում:
Հայաստանից առավելագույնս կախված է եղել ոչ թե ռեգիոնի խաղաղության ու պատերազմի հարցը, այլ պատերազմի պատրաստ լինելու: Եվ, Հայաստանը ինչքան առավելագույնը կանի այդ հարցում, ըստ այդմ այդքան առավելագույնն արած կլինի խաղաղությանը նպաստելու իր բաժինն իրացնելու հարցում: Մեզանում հաճախ է եղել և այսօր էլ հնչում է պատերազմի պատրաստ լինելու նույնացում «ոչմիթիզականության» հետ: Դա թերևս իրողությունների ոչ ամբողջական գնահատում է, որովհետև փոխզիջումային որևէ գործընթացի արդյունավետություն ուղիղ համեմատական է դրան մասնակից սուբյեկտների պաշտպանական արդյունավետությանը: Հակառակ պարագայում, «փոխզիջումային» ձևակերպումների ներքո լինելու է առավելագույն ճնշում, անսահմանափակ ճնշում, որը կկանգնի այնտեղ, որտեղից այլևս չի կարող գնալ առաջ:
Այսինքն, բոլոր դեպքերում, ճնշումը կանգնելու է այնտեղ, որտեղ այլևս կհանդիպի անհաղթահարելի դիմադրության: Ըստ այդմ, այդ հարցում Հայաստանի հույսը կամ կարող է լինել դիմադրող որևէ արտաքին սուբյեկտ, կամ սեփական դիմադրունակությունը: Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, նաև ցավագին, տառապալից փորձից ելնելով, որ չի լինելու արտաքին որևէ դիմադրություն Ադրբեջանի հանդեպ, առնվազն այնպիսին, ինչպիսին կպատկերացներ Հայաստանը: Ըստ այդմ, Հայաստանը գործնականում չունի սեփական դիմադրունակության առավելագույն դինամիկայով բարձրացմանն ուղղված աշխատանքի այլընտրանք, որը կբարձրացնի խաղաղության հարցում Հայաստանի ազդեցությունն ու նաև փոխադարձ ընդունելի պայմաններում ռեգիոնալ կայունության և թեկուզ հարաբերական խաղաղության հավանականությունը:









































