Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին կոչ է արել Վաշինգթոնին` Իրաքում թողնել ամերիկյան զինվորականներին, քանի որ հակառակ դեպքում նոր պատերազմ կսկսվի:
Բարզանին, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ` հայտարարել է, որ եթե ամերիկացիները հեռանան, ապա Իրաքում քաղաքացիական պատերազմ կսկսվի: Ըստ նրա` Իրաքի անվտանգության համակարգը անկարող է ապահովել երկրի քաղաքացիների անվտանգությունը. հայտնում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ ամերիկյան զինված ուժերի դուրսբերումն Իրաքից սկսվել է անցած տարի: ԱՄՆ-ի և Իրաքի միջև 2008 թ. համաձայնագիր էր ստորագրվել, որի համաձայն`Իրաքում գտնվող 46 հազար ամերիկյան զինվորականները մինչև այս տարվա վերջը դուրս են բերվելու այդ երկրից:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Իրաքի ղեկավարությունն արդեն համաձայնել է երկարաձգել Իրաքում ամերիկյան զորքերի գործունեությունը 2011 թվականից հետո:









































