ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում
ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է
«ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրություն և դրա կանխարգելման նպատակով առաջարկությունների ներկայացում» ՀՀ կառավարության 2011թ. գերակա խնդրի առնչությամբ մշակված փաստաթղթի նախագիծը:
Գ.Եգանյանի խոսքով, փաստաթղթում մասնավորապես ներկայացված են միգրացիայի հետ կապված ընդհանուր հարցեր, նկարագրվում են ՀՀ-ից միգրացիոն հոսքերի ծավալներն ու ուղղությունները, անկանոն միգրացիայի դրսևորումները, վեր են հանվում անկանոն միգրացիա երևույթին բնորոշ խնդիրները, և այս ամենի հիման վրա ներկայացվում են առաջարկություններ և միջոցառումներ` ուղղված ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանը:
Գ.Եգանյանը պատասխանել է նաև կոլեգիայի անդամների բազմաթիվ հարցադրումներին:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն առաջարկել է փաստաթղթում գործնական առաջարկություններ ներառել` կապված հայաստանյան իրողությունների հետ, կոլեգիայի անդամներին նաև առաջարկվեց ներկայացնել փաստաթղթի վերաբերյալ իրենց դիտողությունները:
Ա.Գևորգյանը միգրացիոն ծառայության պետին հանձնարարեց փաստաթղթի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ կազմակերպել` Ազգային ժողովի, Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կոլեգիան ի գիտություն ընդունեց նաև համայնքային բյուջեների կատարողականի ութ ամսվա ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունը: Տեղեկացվեց, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 85,7%, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4,9% է կամ 584 մլն դրամ: Հողի հարկի կատարողականը կազմել է 83%, գույքահարկինը` 82,5%:
Փոխվարչապետը ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա.Գիլոյանին հանձնարարեց առաջիկա երկու շաբաթվա ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման խնդիրների հետ կապված խորհրդակցություններ անցկացնել մարզպետարաններում, տեղերում ծանոթանալ իրավիճակին:
Նիստում տեղեկատվություն ներկայացվեց նաև ՏԻ համակարգի ներդրման 15-ամյակի միջոցառումների ընթացքի մասին: Մասնավորապես` սեպտեմբերի 8-9-ը Գյումրիում բացվելու է Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսը, և կկազմակերպվի պարային, ազգային նվագարանների, ժողովրդական երգի մրցույթ-փառատոն, որի նպատակը համայնքային մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստելն է:
Հոկտեմբերին Ջերմուկում տեղի կունենա գյուղական համայնքների զարգացմանը նվիրված համաժողով, որտեղ կքննարկվեն համայնքային զարգացման ամենահրատապ թեմաները: Ստրասբուրգում ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանի շրջանակում կկազմակերպվի Հայաստանի ՏԻՄ 15-ամյակին նվիրված ցուցահանդես:
Նոյեմբերին Հայաստանում կանցկացվի միջազգային խոշոր համաժողով` նվիրված տեղական ինքնակառավարման համակարգի արդի հիմնախնդիրներին, ՏԻՄ-երի դերակատարմանը ժամանակակից աշխարհում ու Հայաստանում: Հոբելյանական միջոցառումները կեզրափակվեն նոյեմբերին` ՏԻՄ կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր արարողությամբ:










































