Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Հայաստանի ԱԺ նախագահը նախօրեին գրառում էր արել իր հետ կապված արդեն բավականին հայտնի միջադեպի առնչությամբ, միևնույն գրառման մեջ խոսելով նաև այն մասին, թե նույն օրը «հարձակում է տեղի ունեցել» վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հանդեպ: Նույն գրառումը կրկնել են նաև ԱԺ պատգամավորներ: Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ չի եղել վարչապետի որդու հանդեպ որևէ իրողության հետ կապված հաղորդում: Ստացվում է, որ ԱԺ նախագահը հայտարարում է վարչապետի որդու հանդեպ հարձակման մասին, ինչը սակայն չի արժանանում պաշտոնական հաստատման: Եվ սա այն դեպքում, երբ, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, վարչապետն ու նրա ընտանիքի անդամները ենթակա են պետական հատուկ պահպանության:
Հետևաբար, եթե կա վարչապետի կամ նրա ընտանիքի անդամի հանդեպ որևէ ագրեսիվ գործողություն, հարձակում, ապա այդտեղ առաջանում է պետական պահպանություն իրականացնող կառույցի պատասխանատվության, ըստ այդմ՝ հանրային հաշվետվողականության հարց, քանի որ այդ կառույցները հարկատուների փողով վճարվում են նաև այն բանի համար, որ ապահովեն պետական կառավարում իրականացնող բարձրագույն պաշտոնյայի և նրա ընտանիքի անվտանգությունը, ինչից զգալիորեն կախված է նաև պետության անվտանգությունն ու կայունությունը:
Այդպիսով, առաջանում է պարզ հարց՝ Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքը փոխվե՞լ է և խորհրդարանի նախագահը իրականացնում է վարչապետի կամ պետական պահպանության ծառայության մամուլի քարտուղարի՞ գործառույթ, թեկուզ հասարակական հիմունքով, թե՞ պետական կառուցվածքը պահպանվում է, ինչը նշանակում է, որ Ազգային Ժողովի նախագահի գրառումն է խարխլում քաղաքականության, պետական կառավարման և պառլամենտարիզմի տրամաբանությունը: Որովհետև, ըստ այդմ տրամաբանության, խորհրդարանի նախագահը ոչ միայն չունի այդօրինակ տեղեկատվության աղբյուր լինելու լիազորություն կամ պարտավորություն, այլ գործնականում պետք է կանգնի այդ ամենից վեր և ինքը հաշվետվություն ակնկալի և պահանջի պետական անվտանգության համար պատասխանատու կառույցներից: Եվ, եթե նա ունի որևէ հարձակման մասին տեղեկություն, ապա՝ կամ այդ տեղեկությունը պետք է հանրայնացվի իրավապահներին հաղորդման տեսքով, կամ իրավապահներին ուղղված պաշտոնական հարցադրումով: Մինչդեռ, այս դեպքում կա խնդրի նաև մյուս կողմը: Մասնավորապես, ԱԺ նախագահը կարծիք է հայտնում, կամ վստահություն, որ այդ հարձակումը սադրանք է, որի «թելերը» հասնում են մինչև անգամ Հայաստանի սահմանից դուրս: Սա առավել քան լրջացնում է խնդիրը, հետևաբար, եթե չկա այդ խնդրի պաշտոնական առավել լուրջ ձևակերպում և փաստական հաշվետու մատուցում հանրությանը, ուրեմն կա առավել քան անլուրջ վերաբերմունք պետությանը:








































