Ռուսաստանի կառավարության անդամները Վիբորգում մասնակցել են «Հյուսիսային հոսք» գազատարի բացման արարողությանը: Նոր գազատարը հնարավորություն է տալիս առանց տարանցիկ երկրի, Բալթիկ ծովի տակով բնական գազ ուղարկել Եվրոպա:
Միաժամանակ` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մի շարք կտրուկ հայտարարություններ է հնչեցրել Ուկրաինայի հասցեին: «Ուկրաինան այլևս չի գայթակղվի իր ռազմավարական կարևոր դիրքով: Այն կորցնում է իր էքսկլյուզիվ դիրքը, ինչի հետևանքով ռուս-ուկրաինական հարաբերություններն ավելի քաղաքակիրթ բնույթ կստանան»,- հայտարարել է Պուտինը` գազատարի շահագորման սկիզբն ազդարարող արարողության ժամանակ:
«Գազպրոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ուկրաինան «նստել է «ռուսական էժան գազ» կոչվող գնացքը, որն այդ երկրին փակուղի է տանելու»:
«Հյուսիսային հոսք»-ի կառուցման մասին պայմանագիրը ստորագրվել էր 2005 թ.` ՌԴ այն ժամանակ դեռ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի ղեկավարության միջև: Գազատարը հնարավորություն է տալիս ապահովել Գերմանիայի և Արևմտյան Եվրոպայի այլ երկրների բնական գազի պահանջարկը` շրջանցելով Ուկրաինան և Լեհաստանը:
Այս տարի օգոստոսի 19-ին ավարտվել էին գազատարի առաջին գծի շինարարական աշխատանքները: «Գազպրոմը» պլանավորում է «Հյուսիսային հոսքի» երկրորդ գծի աշխատանքներն ավարտել արդեն մյուս տարի:
Միաժամանակ գազի գների կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հարաբերությունները շարունակվում են լարվել: Ուկրաինան պահանջում է իջեցնել գազի գները իր սպառողների համար, իսկ Ռուսաստանը հայտարարում է, որ այդ երկրին արդեն իսկ իջեցված գներով է կապույտ վառելիք վաճառում և մեղադրում է պաշտոնական Կիևին երկրի տարանցիկ բացառիկ հնարավորությունները ճնշման գործիք դարձնելու մեջ:









































