Ֆիլիպիններում բռնել են մեծ կոկորդիլոսի. կենդանու մարմնի երկարությունը կազմում է 6,4 մ, քաշը` 1,075 կգ.: Տեղի իշխանությունները ցանկանում են սողունին, որն արդեն մի քանի ամիս է սարսափի մեջ է պահում Բունավան քաղաքի բնակիչներին, դարձնել գազանանոցի աստղ: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:
Կոկորդիլոսների որսով զբաղվողները ժամանել են Ագուսան դել Սուր նահանգ՝ քաղաքապետ Էդվին Էլորդեի խնդրանքից հետո: «Այդ սողունը օգոստոսի սկզբին կերել էր հսկայական ցլի և ամենայն հավանականությամբ սպանել ձկնորսին, որն անհայտ կորել է հուլիսին: Մենք չէինք կարող թույլ տալ, որ Բունավանի 37 հազարանոց բնակչությունը վտանգի ենթարկվեր», – հայտարարել է Էլորդեն:
Հսկայական որձ կոկորդիլոսին, որն ապրել է գետում, հետևել են երեք շաբաթվա ընթացքում: Առաջին երեք թակարդները կենդանին ավերել էր և փախել: Դրանից հետո մասնագետները պատրաստել էին նոր թակարդներ երկաթյա լարերի օգնությամբ: Նրանցից մեկի մեջ էլ հենց սեպտեմբերի 3-ին ընկել է հսկան: Որպեսզի հսկային դուրս բերեն գետից պահանջվել է հարյուրավոր մարդկանց օգնություն: Քաղաքաբնակները քարշ են տվել նրան մինչև դաշտ, որտեղից կռունկը նրան դրել է բեռնատարի վրա:
«Կենդանուն տարել են Բունավանում ստեղծված հատուկ պարսպապատ տարածք, որտեղ նախատեսվում է գազանանոցի կառուցումը»,- պատմել է էդվին Էլորդեն: Չնայած տեղի բնակիչներն ուրախացել են, որ հսկայական կոկորդիլոսին բռնել են, նրանք այնուամենայնիվ վախենում են օրվա մութ ժամերին գետ գնալ՝ խոսելով, որ քաղաքի մոտակայքում դեռ լողում են մի քանի սողուններ:









































