Երբ Հայաստանը երկրաշարժից հետո հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիա, ուղարկեց փրկարարներ, եղավ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց, Թուրքիա մեկնեց Արարատ Միրզոյանը, Հայաստանում քննարկումների առանցքում հետևյալ հարցադրումն էր՝ դա ճի՞շտ քայլ էր, թե՞ սխալ: Այդ օրերին Հանրային հեռուստաընկերության եթերում խոսելով այդ մասին նշել եմ, որ ինքս այդ իրողությունը չեմ դիտարկում «ճիշտ, թե սխալ» չափումով: Նշել եմ, որ դա համարում եմ անհրաժեշտ քայլ: Անհրաժեշտ ոչ միայն չի նշանակում ճիշտ, այլ նաև ամենևին չի նշանակում արդյունավետ:Անհրաժեշտ քայլը կարող է արվել, բայց չտալ բավարար արդյունք: Դա այլ հարց է, բայց քայլն անհրաժեշտ է ու պետք է արվեր, ու առաջին հերթին այն պատճառով, որ Կովկասում պատերազմի և խաղաղության «բանալին» այսօր առավելապես Էրդողանի ձեռքում է: Այսօր նրա ձեռքում է, ինչպես նրա ձեռքում էր երեկ: Հարց է այն, թե Էրդողանն ում ձեռքում է, կամ՝ նա որևէ մեկի ձեռքու՞մ է, թե՞ կարողանում է պահել ինքնուրույնությունը: Դրանից իհարկե չի փոխվում Հայաստանի քայլի «անհրաժեշտականությունը»:
Որքան էլ շատ լավ է, որ Իրանը պատրաստ է իր շահից ելնելով պաշտպանել հայ-իրանական սահմանը, այդուհանդերձ շատ ավելի լավ կլինի, եթե Իրանը չկանգնի դա անելու անհրաժեշտության առաջ, կամ ավելի շուտ՝ Հայաստանը չկանգնի Իրանի այդ անհրաժեշտության առաջ: Եթե մինչև մայիսի 14 տեղի ունենա Պուտինի այց Թուրքիա, ապա մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ Ռուսաստանին և Իրանին հաջողվել է պահել Էրդողանին ռեգիոնալ կայունության տրամաբանության շրջանակում:Սա ամենևին չի նշանակելու, որ դրանով չեզոքանում են Հայաստանի անվտանգության ռիսկերը: Դրանք խիստ բազմաշերտ են, բավականին բազմազան եւ բազմագործոն: Այդուհանդերձ, մեծ էսկալացիայի ռիսկը կախված է հենց այն հանգամանքից, թե Էրդողանը որքան համահունչ կգործի Իրանի եւ ՌԴ հետ, որովհետեւ այդտեղ շղթայի որեւէ օղակի բացակայությունը կարող է էապես բարձրացնել ռեգիոնալ էսկալացիոն ռիսկի հավանականությունը: Իսկ առնվազն այդ մասշտաբի մարտահրավերի կառավարելիության աստիճանի էական բարձևացումը Հայաստանի համար կազատի ժամանակ և հնարավորություն՝ ավելի լոկալ մասշտաբի մարտահրավերների և ռիսկերի հակազդման ուղղությամբ բազմավեկտոր աշխատանք ծավալելու համար:








































