«Առաջին լրատվական»-ի Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը
Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում ՔՊ-ի կողմից ՄԻՊ-ի պաշտոնում Անահիտ Մանասյանի թեկնածության առաջադրումը: Շատերը նշում են, որ և ՔՊ-ի, և ընդդիմադիր ուժերի առաջադրած թեկնածուները չեն համապատասխանում ՄԻՊ-ին ներկայացվող չափորոշիչներին: Արդյոք սրանո՞վ չի նսեմացվում ՄԻՊ-ի ինստիտուտը:
Ես ՔՊ-ի թեկնածուի մասին շատ բան չգիտեմ, իր մասնագիտական կարողությունների առումով: Նաև չգիտեմ, թե ինչ քաղաքական հաշվարկներով է իշխող մեծամասնությունն առաջադրել նրա թեկնածությունը: Ցավալին այստեղ ուրիշ բան է: Դու կարող ես ուրիշ այլ պաշտոնների դեպքում վերցնել ամբողջ քաղաքական պատասխանատվությունը քո վրա և որևէ մեկի հետ չխորհրդակցել: Բայց ունենալով Հայաստանում բավականին զարգացած քաղաքացիական հասարակություն, իրավապաշտպան հասարակություն և նրանց հետ չքննարկել ՄԻՊ-ի թեկնածություն, առաջնորդվել միայն քաղաքական տրամաբանությամբ, իմ կարծիքով ճիշտ չէ: Մեր գործընկերներից շատերն արդեն հրապարակավ կարծիքներ են հայտնել այն մասին, որ, ՔՊ-ի թեկնածու դատախազության աշխատակից է, իսկ մարդու իրավունքների խախտումները կապված են լինում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, տվյալ պարագայում տիկինն ավելի շատ դատական իշխանության ճյուղում է աշխատել, և այդ կտրվածքով՝ որքանով ավելի նպատակահարմար էր ընտրել ոչ թե իրավաբանական հանրությունից, այլ պետական մարմնից, սա շատերը խնդիր են համարում:
-Այսինքն՝ եթե ընտրվի, իշխանություններից ուղիղ կախվածության մեջ կլինի՞:
–Ես չեմ ուզում ասել, թե Անահիտ Մանասյանն ինքնուրույնություն չի ունենալու, պարզապես որքանո՞վ այդ ազատությունը կատարյալ կլինի, եթե ինքն ավանդաբար եղել է դատական իշխանության մեջ: Որքանո՞վ ինքն այդ դիտանկյունը կկարողանա ապահովել, զուտ հոգեբանորեն, զուտ աշխարհին նայելու իր ավանդական դիտանկյան առումով եմ ասում: Ասում են՝ գլխավոր դատախազի մտերիմն է, ես չեմ ուզում ուռճացնել այդ գործոնի դերը, բայց միայն այն, որ ինքն առավելապես այլ «աշտարակից» է նայել մարդու իրավունքների խնդիրներին, ինքնին աշխարհաճանաչողություն է: Ամենևին կասկածի տակ չդնելով նրա հետագա գործունեությունը, եթե իհարկե մեծամասնությունը չվերանայի իր որոշումը, այնուամենայնիվ, ինձ համար հարց է՝ մի՞թե հնարավոր չէ իսկապես ընտրել լավագույն թեկնածուին, որը նման վեճերի խնդիր չտա: Իհարկե, ցանկացած թեկնածու ունենալու է իր կողմ և դեմ կարծիքները, և ինչպիսի թեկնածու էլ առաջադրվի, լինելու են այդպիսի կարծիքներ, բայց խոսքը սրա մասին չէ, այլ այն, որ ըստ էության, դաշտում ունենք բավականին փորձառու իրավաբաններ, իրավապաշտպաններ, հանրության շրջանում հայտնի անուններ: Գիտեք, ես չեմ կարծում, որ հանրային բարձր հեղինակությունը, որը ներկայացվում է ՄԻՊ թեկնածուին, դա նա է, թե նախկինում ինքը քանի պաշտոն է զբաղեցրել:
Ի դեպ, էլ ավելի զավեշտալի է իրավիճակն ընդդիմության թեկնածուի դեպքում: Ստացվում է, որ ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության առաջադրման իրավունք ունեցող սուբյեկտներ ունենք, որոնք թեկնածուներ են առաջադրել: Կրիմինալ չեն գործել, բայց հաստատապես այդ պրոցեսը չի ենթադրել իրավապաշտպան քաղհասարակության հետ համերաշխություն կամ ընդառաջում:
Ի դեպ, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ամենևին թիրախում չի ունեցել թեկնածուներից և ոչ մեկին, որովհետև դեռևս ամիսներ առաջ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգողը, որը նաև իրավասություն ունի նաև հանդես գալու այդ ցանցի անունից՝ որպես կոորդինատոր, այն ժամանակ, երբ դեռ չկար դեռևս որևէ ՄԻՊ թեկնածուի անուն, պլատֆորմը շարադրեց չափանիշներ և՜ գործընթացի առումով, և ՜ թեկնածուի անունով: Բայց մենք չենք ցուցանել անուն, և չի եղել որևէ թեկնածուի օգտին կամ որևէ թեկնածուի դեմ: Այստեղ ամենևին Անահիտ Մանասյանի կամ նույնիսկ Էդգար Ղազարյանի անունը չէ կամ նույնիսկ Էդգար Ղազարյանի, այլ այն, որ քաղհասարակությունն ունեցել է այս գործընթացում այլ մոտեցում և ուղենիշներ, որոնք հրապարակայնորեն ներկայացվել է: Բայց ԱԺ-ում ՄԻՊ թեկնածու առաջադրելու երկու սուբյեկտներն էլ ըստ էության անտեսել են քաղհասարակության կոչերը:
-Կադրերի պակասի խնդի՞րն է հանգեցնում նման արդյունքի:
-Ես չեմ կարող ասել, որ իրավապաշտպան կամ իրավաբան կադրերի խնդիրն է: Ընդհանուր առմամբ, այնպիսի տպավորություն է, որ Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրելիս առաջնորդվել են կոմպրոմիսային մոտեցմամբ, որ ըստ էության Անահիտ Մանասյանն աշխատել է նաև նախկին իշխանության հետ: Իմ տպավորությամբ՝ իշխանությունն որոշել է առաջադրել մի թեկնածու, որի դեմ ընդդիմությունը չի կարողանա խոսել, որովհետև իրենց օրոք էլ է աշխատել, իրենց հետ էլ է աշխատել, իրենց հետ էլ է համագործակցել, հետևաբար, եկեք առաջադրենք այդպիսի թեկնածություն: Ես ավելի շատ դա եմ տեսնում, քան տեսնում եմ, որ, օրինակ, առաջնորդվել են նրանով, որ իրենց համար վստահելի է, որ Աննա Վարդապետյանի կողմից երաշխավորված է և այլն: Ես, անկեղծ ասած, այդ գործոններին ավելի քիչ կարևորություն կտայի, քան այն, որ մտածել են՝ այնպիսի թեկնածու առաջարկենք, որ ընդդիմությունը չկարողանա բերանը բացել, շատ դեմ խոսել, քննադատել: Ես հետևել են ընդդիմադիր շրջանակների կարծիքներին, նրանք չեն ասում՝ ինքը ցածրակարգ իրավաբան է, չեն ասում՝ նրա մասնագիտական կարողությունները բավարար չեն, չեմ ասում, որ, եթե ընդդիմադիր հայացքներով քաղաքացու կամ քաղաքական գործչի իրավունքները խախտվեն, Անահիտ Մանասյանը չի պաշտպանի նրանց: Նրանք չեն կարող այդպիսի մեղադրանքներ ներկայացնել Անահիտ Մանասյանին, նրանք էլ ասում են՝ Անահիտ Մանասյանը դատախազի տեղակալ է և չի կարողանա դեմ գնալ այն որոշումներին ու մեղադրանքներին, որոնք կոնկրետ գործերով կարող են առաջադրվել քաղաքացիներին: Ես, համենայնդեպս, համարում եմ, որ ՄԻՊ-ն այն պաշտոնն է, որտեղ ընտրություն կատարելու ամենաբնական ավազանը հանրային, քաղաքացիական գործունեության դաշտն է: Դա այն է, որտեղ իսկապես պաշտոնյան պետք է խնդիրներին նայի բացառապես մարդու իրավունքի դաշտից: Այստեղ մարդու իրավունքի հաշվին կոմպրոմիսի, կոնսենսուսի խնդիրներ չկան, զիջումների գնալու հարց չկա: Այնտեղ կա խախտումն արձանագրելու, ճանաչելու, իրավունքը վերականգնելու համառություն, այդպիսի աշխարհայացք: Իսկ այդպիսի աշխարհայացք ավելի շատ պրակտիկան է ձևավորում, որը գալիս է արդեն հանրային գործունեությունից, քաղաքացիական հասարակության շրջանում գործունեությունից:











































