«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

-Պարոն Խաչատրյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով հաստատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը։ Ըստ այդ հայեցակարգի՝ Ռուսաստանն իրեն չի համարում Արևմուտքի թշնամի և չի մեկուսանում նրանից, չունի թշնամական մտադրություններ, Ռուսաստանն ապավինում է Արևմուտքի կողմից առճակատման անիմաստության գիտակցման և հավասար փոխգործակցությանը վերադառնալու կամքի վրա։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայեցակարգի վերաբերյալ, ի՞նչ զարգացումներ են հնարավոր։
-Համաշխարհային ամբողջ սիստեմը քանդվում է,ամենակարևորը՝ բանկային սիստեմից այլևս ոչինչ չի մնում։ Հասկանալով աշխարհաքաղաքական իրավիճակը, որն ահռելի ծանր վիճակում է, երկու կողմն էլ զիջելու հնարավորություն չունեն։ Ո՛չ ռուսական ո՛չ ամերիկյան կողմը չեն գնա զիջումների, իսկ դա ամենամեծ վտանգն է։ Բնական է, որ ՌԴ նախագահը պետք է իր արժեքներն առաջ տանի,եթե ուշադրություն եք դարձրել՝ Բելառուսը ևս սկսել է արժեքներից խոսալ։ Վտանգն ահռելի ծանր է, տուրբուլենտությունը հասնում է այն կետին, որ արժեքները պաշտպանելու համար՝ զիջելու տեղ չկա։ Այս ամենից հետո, թե քանի տեղում պատերազմ կլինի՝ անհայտ է։ Արդեն գնում են ԱՄՆ նախկին նախագահի ձերբակալման։ Իսկ մենք այս ամենի կոնտեքստում պետք է հասկանանք հետևյալը.«ավելով, մարքեք թափել» այս ղեկավարությանը, որը ոչ մի բանի ունակ չէ։ Ես առաջին հերթին իմ տան՝ Հայաստանի մասին եմ մտածում։
-Բայց կարծես մեղմացրել է իր հռետորաբանությունը, արևմուտքին այլևս թշնամի չի հռչակում։ Մենք էլ գուցե բարենպաստ իրավիճակում ենք հայտնվում, որ մեր համագործակցությունն արևմուտքի հետ է՝ ՌԴ թշնամիների հետ չէ։
-Չնայած իմ լիբերալ լինելու հանգամանքին, եթե ես լինեի Պուտինի փոխարեն այդպես չէի հայտարարի։ Այդքան զենք ու այլ ռեսուրսներին տվողին հաստատապես ինձ թշնամի կհամարեի։ Ինքը հզոր երկրի ղեկավար է, դրա համար է այս ուղղությունը տանում, բայց չէ՞ որ պարզ առճակատում կա Ռուսաստանի դեմ։ Կամ էլ գուցե վտանգն ահռելի է և ինքն աշխարհին ցույց է տալիս, որ այդ այլին չէր գնա՝ եթե Ռուսաստանի շահերին չկպնեին։Վտանգն այն է, որ Չինաստանն ու Հնդկաստանն են արդեն պրոցեսին միանում։ Հասկանու՞մ եք, թե ինչ հսկայական մարդկային ռեսուրսներ են, ինչ առճակատում կարող է լինել։ Այս վտանգի պայմաններում ինքը գնաց ավելի մեղմ մոտեցման։
-Գուցե այլևս ռեսու՞րս չունի։
-Չեմ կարծում։ Այն, ինչ անում է այսօր Ռուսաստանը, ոչ ոք դրան չէր սպասում։ Պուտինը թույլ չի տա Ռուսաստանի վերացումը՝ ունենալով հզոր ատոմային արսենալները։ Եթե Ռուսաստանի շահերին կպնի՝ կխփի։ Ինչ էլ լինի՝ Ռուսաստանը հետ չի տա Դոնբասը, այն հողերը որը վերցրել է ՝ արդեն իրենն են, հետ տալը կնշանակի համաշխարհային պատերազմ։ Դա հասկանում է նաև արևմուտքը։ Մտածող մարդիկ այդ ամենը հասկանում են։ Տարբեր արժեքներով արևմուտքն ու Ռուսաստանը՝ երկուսն էլ չեն զիջելու։ Մեկը համաշխարհային բանկային սիստեմը, Ռուսաստանն էլ իր տարածքները, որը վերցրել է Ուկրաինայից։ Որ ասում են՝ Պուտինը փոխվի՝ լավ կլինի, ես ասում եմ՝ ո՛չ, Ռուսաստանը կքանդվի։
Իր ելույթի մեխն այն էր՝ որ ինքն իր արժեքները ունի, արևմուտքն էլ իրենը և զիջման տեղ չկա։ Դա հարյուր տոկոս է։ Ու թե դա ոնց կկանգնի, համաշխարհային ինչ կորուստների վրա՝ ինքը մատնանշում է։ Սա մեծ վտանգի, համաշխարհային աղետի է տանում։ Կա՛մ Ուկրաինան կվերանա, աշխարհի նոր բաժանում կլինի, կամ էլ հակառակը։ Իսկ ես խիստ կասկածում եմ, որ այդ ամենը հանգիստ ձևով կլինի։
-Տեսանելի է, սակայն, որ Ռուսաստանի պլաններն էլ՝ նախանշածի նման չեղան։ Հայտարարում էին, որ Կիևը երեք օրում կգրավեն, իսկ պատերազմը մեկ տարուց ավել է՝ շարունակվում է։
-Դա հիմա արդեն էական չէր, ամբողջ աշխարհը Ուկրաինային զենք ու փող է մատակարարում, Ռուսաստանին մտցրեց պատժամիջոցներևի տակ, հարուստների մեծ մասը փախավ, բայց այդ վիճակում էլ ՌԴ-ն ոտքի վրա կանգնած է մնում։ Ես Ռուսաստանին շատ եմ քննադատել, բայց ես հիմա իրականությունն եմ հայտնում։ Որ իմ երկիրն այս վիճակում է՝ ՌԴ ղեկավարությունն է մեղավոր, բայց քննարկենք այսօրվանքը։ Հետ չնայեք, այսօրվա վտանգների մասին մտածենք։ Քանի որ այդքան միջուկային արսենալ կա, այդ զիջումը կամավոր չի լինի։ Այդքան զենք ունեցողը կամավոր չի զիջի իր երկիրը, չի տանի վերացման։ Մի աղետ պետք է լինի,որ հասկանան, որ մարդկությունն ու երկրագունդը վերանում է և այդ ժամանակ նոր անձերը նստեն իրար հետ զրույցի։ Միայն այդ ցավը զգալով է դա հնարավոր անել։ Արդեն վերջնական փուլն է։ Հիմա պետք է որոշում կայացվի։
-Այս իրավիճակում ի՞նչ անելիքներ ունի Հայաստանը։
-Հայաստանում իրական ընտանիքները պետք է ոտքի կանգնեն ու պահանջեն՝ ինչ թալանել են՝ տան զինվորների ընտանիքներին, մնացածին դուրս շպրտեն։Ես Պուտինին Լեֆորտովոյից գրում էի՝ իմ ազգը ստրուկ մի սարքի, այսօր դա կատարվում է։ Այս աղետի ֆոնին Հայաստանի իշխանությունները մարդ են ման գալիս, թե ով պետք է իրենց մեջքին կանգնի։ Նույնիսկ չեմ էլ ուզում ուղղություն մատնանշել, ամեն ինչ վաղուց կորսված է։






































