
Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպմանն ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հավաստիացրել է Հայաստանի ժողովրդավարական ընթացքին աջակցելու ԱՄՆ պատրաստակամության հարցում: Ժողովրդավարության կարևորագույն գործոններից մեկը քաղաքական համակարգն է, քաղաքական մրցակցության կառուցվածքն ու բովանդակությունը: Չկա դա, չի կարող լինել ժողովրդավարություն, կամ՝ ժողովրդավարությունն առավելագույնը կարող է ունենալ ձևական, ցուցանակային բնույթ, սակայն չլինել աշխատող մեխանիզմ, չդառնալ համակարգ, որը ձևավորում է հասարակական համակեցության որոշակի օրինաչափություններ, ավանդույթներ, մշակույթ, ինչը դառնում է ժողովրդավարության «ինքնապահպանման», ինքնաբավության կարևոր հանգամանք: Որովհետև, ժողովրդավարության աջակցությունը լինելով ինքնին կարևոր երևույթ, այդուհանդերձ խոշոր հաշվով ունի մեծ հարաբերականություն:
Ժողովրդավարությունը պետք է օժտված լինի ինքնապահպանման իմունային համակարգով, քանի որ դրա շնորհիվ է նաև, որ այն կպարունակի զարգացման ելակետեր, զարգացման խթաններ, խթանիչներ: Այդ իմաստով, հայկական ժողովրդավարություն գործնականում չկա և չի կարող լինել, քանի դեռ չկա հայկական քաղաքական համակարգ, քանի դեռ չկան իրապես քաղաքական ուժեր՝ քաղաքական տեսակով, բովանդակությամբ, գաղափարախոսությամբ, որոնք կմրցակցեն ոչ թե «դավաճան-հերոս, փրկիչ-թալանչի» տրամաբանությամբ, այլ հասարակության զարգացման բովանդակային և հայեցակարգային ուղենիշերի առանցքով: Հայաստանում չկա այդ տրամաբանությամբ կենսագործող թե քաղաքական մեծամասնություն, թե ընդդիմություն: Հայաստանում կա նրանց միջև երկուստեք ընդունելի իրավիճակ, երբ մեկը մյուսին դավաճան կամ հինգերորդ շարասյուն ասելով ապահովում են գոյությունը «քաղաքական արևի» տակ:
Մյուս առանցքային խնդիրն այն է, որ գործնականում գոյություն չունեն օջախներ, որոնք պարունակում են առկա իրադրությանը բովանդակային, գործուն մարտահրավեր նետելու և հանրությանը քաղաքական զարգացման և հասարակական էվոլյուցիայի կայուն ճանապարհային քարտեզ առաջարկելոււ ներուժ պարունակող միավորներ: Այդ պայմաններում, Հայաստանի ժողովրդավարության աջակցությունը, եթե մի կողմ թողնենք դրա աշխարհաքաղաքական մոտիվներն ու նպատակները, գործնականում այլ բան չէ, քան արհեստական շնչառության հավաստիացում: Իսկ արհեստական շնչառությունը կարող է ապահովել գոյություն, բայց չի կարող դառնալ կայուն զարգացման հիմք: